Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)

Tert.am–ը ներկայացնում է պետության գործառույթների մասին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածաշարի երկրորդ մասը, որում հեղինակը ներկայացնում է երկրի զարգացման կոնկրետ ուղղություններ, ինչպես նաև առաջարկում 10 առաջնահերթություն։

Սա, հավանաբար, պետության հիմնական գործառույթն է։ Ընդ որում, «կարգավորող»-ի ներքո ի նկատի ունենք հասարակական միջավայրում մարդու կենսագործունեության համար սահմանվող բոլոր նորմերի և դրանց իրականացման մեխանիզմների ընդհանրությունը ստեղծողին։ Այլ կերպ ասած՝ պետությունն իր բոլոր քաղաքացիների և քաղաքացի չհանդիսացողների համար սահմանում է խաղի կանոններ։

Կարգավորողի գործառույթի դիտարկման համատեքստում կարևոր է գնահատել ոչ միայն Ազգային ժողովի և Կառավարության այս կամ այն կազմի կողմից այդ գործառույթն իրականացնելու ունակությունները, այլև հաշվի առնել այդ հարցում այլ ինստիտուտների՝ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները։ Գլոբալ առումով՝ պետք է խոսել երկրում իշխանության որակի մասին: Գործադիր կառավարման մարմինների մասով իշխանության որակի մասին իմ դիտարկումները ներկայացնելու հնարավորություն ունեցել եմ անցյալ տարի: Ցավոք, այն, ինչի մասին այդ ժամանակ խոսել եմ, ոչ միայն չի հերքվել, այլև այժմ տեղի է ունենում բոլոր բացասական միտումների ու գործընթացների խորացում։ Չնայած օբյեկտիվության համար պետք է ընդունենք, որ որոշ խորհուրդներ, օրինակ՝ Ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ, իշխանությունների կողմից ընդունվել են, թեև՝ խեղաթյուրված ձևով:

Առաջին հերթին ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել.

–   Իշխանության ձևավորած գործադիր և օրենսդիր մարմինները որքանո՞վ են ի վիճակի ադեկվատ ռեժիմով և արդյունավետորեն վերլուծելու երկրում ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, կանխորոշելու պետության և երկրի առջև ծառացած ներքին և արտաքին բնույթի մարտահրավերները։

–   Իշխանության ձևավորած մարմինները որքանո՞վ են ունակ, հիմնվելով  կատարված վերլուծական աշխատանքի վրա, սահմանել երկրի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, գլոբալ և առաջնահերթ բարեփոխումների օրակարգը, որոշել և սահմանել դրանց իրականացման համար անհրաժեշտ և առաջնային պայմաններն ու կանոնները։

–   Նախորդ ընտրարշավների արդյունքում երկրում արդյո՞ք ձևավորվել է օրենսդիր և գործադիր իշխանության որակի տեսանկյունից ադեկվատ քաղաքական լանդշաֆտ, ներկայիս քաղաքական վերնախավն ի վիճակի՞ է արդյոք ամբողջությամբ գնահատել երկրի առջև ծառացած հնարավոր մարտահրավերները և դրանք չեզոքացնելու համար մոբիլիզացնել հասարակությունը։

Առաջին լուրջ ազդանշանն առ այն, որ նոր իշխանությունների նկատմամբ ակնկալիքները մեծ են, բայց դրական զարգացում ապահովելու նրանց կարողության վերաբերյալ կասկածները՝ շատ, դրսևորվել է Երևանի քաղաքապետի և 2018-ի աշնանը տեղի ունեցած՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողների շատ ցածր մասնակցությամբ։ Այնուհետև նույնը տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ընտրատեղամասեր ներկայացավ երկրում ընտրելու իրավունք ունեցողների կեսից էլ քիչ մարդ՝ այն պարագայում, երբ գերակայում էր փոփոխությունների էյֆորիան, երբ կողմնակի դիտորդի համար բոլորն արդեն ապրում էին, այսպես կոչված, «իրական ազատության և ժողովրդավարության» մտքերով և զգացմունքներով։ Չնայած դրան, մեծամասնությունը չգնաց քվեարկելու։ Իսկ այն հատվածը, որը քվեարկեց, իշխանությունների համար ապահովեց լեգիտիմ հիմքեր՝ պնդելու, որ իրենք 70 տոկոս աջակցություն ունեն և կարող են հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից։

Ինչպե՞ս հասկանալ, թե իր և ամբողջ երկրի համար ինչ առաջնահերթություններ է տեսնում հասարակության այն մասը, որը չի քվեարկել իշխող կուսակցության օգտին: Ի վերջո, ուզենք դա, թե ոչ, միևնույնն է,  ներկայիս իշխանությունն այսօր իր ձևաչափով և էությամբ չի ներկայացնում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 65 տոկոսի շահերը: Որքա՞ն երկար մեր երկրում կարող է աշխատել հասարակական զարգացման այնպիսի մի մոդել, որում քաղաքացիների թեկուզ ամենաակտիվ, բայց կեսից էլ քիչ հատվածն է սահմանում ամբողջ երկրի զարգացման ընթացքը՝ ձևավորելով իշխանություն: Իսկ այդ իշխանության միջոցով էլ ձևավորվում են խաղի կանոնները՝ արդեն բոլորի համար։

Այս հարցերի համատեքստում կարևոր նշանակություն է ստանում քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների խնդիրը։ Ի վերջո, մեր երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդը ներկայացնող քաղաքացիների համայնքն է: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Որքան շատ քաղաքացիներ մասնակցեն պետական իշխանության մարմինների ձևավորմանը, այնքան ավելի լեգիտիմ ու ադեկվատ կլինեն այդ մարմիններն ու դրանք ներկայացնող պաշտոնատար անձինք։ Հենց այս պատճառով հասարակական-քաղաքական գործընթացների բոլոր շահագրգիռ սուբյեկտների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ Հայաստանում ընտրությունների և հանրաքվեների քվեարկությանը քաղաքացիների պարտադիր մասնակցությունն ապահովող օրենսդրական նորմեր ներմուծելու անհրաժեշտության վրա: Դա իր հերթին պետք է հանգեցնի այն արատավոր պրակտիկայի վերացմանը, երբ մեզանից շատերը քննադատում են, արտահայտվում, բայց քվեարկությանը չեն ներկայանում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է արդեն հասկանա, որ ցանկացած ձայն պետք է և կարող է որոշիչ նշանակություն ունենալ, և այդ ձայնը պետք է առարկայանա քվեաթերթիկի, այլ ոչ՝ սոցցանցերում մեկնաբանությունների և պայմանական նշանների տեսքով։

Այսպիսով, խոսելով երկրի զարգացման կոնկրետ ուղղությունների և պետության կարգավորիչ գործառույթի մասին, որպես 10 առաջնահերթություն կառաջարկեի ամրագրել հետևյալը.

1.Կոմպակտ և կազմակերպված պետություն՝ պետական կառավարման օպտիմալ համակարգով։ Կենտրոնական իշխանություն-մարզեր-տեղական ինքնակառավարման մարմիններ. պատասխանատվության ոլորտները, լիազորությունների ծավալները և գործառույթները։ Երկրում դատաիրավական և իրավապահ համակարգերի ապաքաղաքականացում։

2. Մարտունակ և արդյունավետ բանակ՝ անվտանգության և խաղաղության երաշխավոր։ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում։ Անհրաժեշտ զինատեսակներով և կադրային անձնակազմով հագեցվածության հարցեր, բանակում ոչ կանոնադրային և այլ ոչ ֆորմալ հարաբերությունների խնդրի վերացում, զինված ուժերում զորակոչվելու նոր ձևերի խրախուսում։

3. Մարդկային կապիտալի զարգացում՝ երկրի մրցակցային առավելության ամրապնդում. առողջապահական և կրթական ծառայությունների որակ և ծավալ, բանակ զորակոչվողների համար նոր կրթական ծրագրեր և ծառայություններ, սպորտ։

4. Ժողովրդագրական մարտահրավերները՝ ազգային անվտանգության և ինքնության սպառնալիք. երկրում ծնելիության մակարդակը խթանող միջոցառումների իրականացում, անպտղության դեմ միջոցառումներ, նոր ընտանիքների ստեղծումը խթանող լրացուցիչ մեխանիզմներ, հայրենադարձության համար անհրաժեշտ նյութական և իրավական պայմանների ստեղծում, արտագաղթի մակարդակի իջեցմանն ուղղված լրացուցիչ միջոցների ձեռնարկում:

5. Հոգատար պետություն. թոշակառուների և պատերազմի վետերանների համար կյանքի արժանապատիվ պայմաններ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության մեջ լիարժեք ինտեգրման իրական հնարավորությունների ստեղծում։ ԶԼՄ-ներ և մշակույթ։ Սփյուռքը պետք է նույնպես արժանանա հայկական պետության խնամքին, որպեսզի հայության երիտասարդ սերունդը չկորցնի իր ինքնությունը։

6.Երկրում առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորում. սեփականության ինստիտուտի ամրապնդում և պաշտպանում, բանկային գաղտնիքի պահպանման արդյունավետության բարձրացում, ստանձնած պարտավորությունների պահպանում և արդար դատական համակարգ։

7. Երկրում գործարար միջավայրի բարելավում. հարկային և մաքսային քաղաքականություն և վարչարարություն, տնտեսության իրական հատվածի մատչելի վարկավորում, գործարարությամբ զբաղվելու հավասար և արդար պայմաններ, պետական գնումների և պետական մրցույթների ժամանակ խաղի թափանցիկ և արդար կանոններ, երկրի էկոլոգիական հավասարակշռության պահպանում, բաց, հասկանալի և երկարաժամկետ սակագնային քաղաքականության իրականացում. գազ, էլեկտրական էներգիա, խմելու և ոռոգման ջուր:

8. Բնակչության զբաղվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ. ոսկերչության, թեթև և վերամշակող արդյունաբերության զարգացման համար խթանող միջոցներ: Գործազուրկների վերապատրաստման և որակավորման բարձրացման նոր ծրագրերի մեկնարկ, համայնքներում սոցիալական նշանակության, կարճաժամկետ և վճարովի աշխատանքների նախաձեռնում:

9. «Պատրաստված է Հայաստանում» բրենդը՝ որպես երկրի այցեքարտ։ Արտադրության որակի վերահսկման և ինտելեկտուալ իրավունքների պաշտպանության համակարգ, Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսական արտադրության զարգացում։

10. Թվային պետության ձևավորումը մեր երկիրը պետք է դարձնի տարածաշրջանում իր հանրային ծառայությունների բնույթով և որակով եզակի, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում՝ առաջատար:

Ակնհայտ է, որ կանոններն ու սկզբունքները, որոնք պետությունը պետք է մշակի և սահմանի՝ բոլոր 10 ուղղություններով տեսանելի հաջողությունների հասնելու համար, չեն լինելու նոր կամ առանձնահատուկ: Դրանք գոյություն ունեն աշխարհում, դրանցից օգտվում են, դրանք փոփոխում և կատարելագործում են։ Սակայն պետք է դրանցից օգտվել ճիշտ և ժամանակին, խելամտորեն, մտածված, առանց հույզերի և ավելորդ պոպուլիզմի։ Ինչո՞ւ խելամտորեն և մտածված. որովհետև յուրաքանչյուր երկրում առկա է այս կանոնների և սկզբունքների անհատական փաթեթ՝ ձևավորված տասնամյակների կամ դարերի ընթացքում, պայմանավորված այս կամ այն հասարակության՝ բաց լինելու մակարդակով, կրոնական ավանդույթներով և կարծրատիպերով։ Մոտեցումների ավտոմատ ներմուծումը կարող է հանգեցնել մեզ համար անկանխատեսելի հետևանքների: Կարո՞ղ են արդյոք գործող իշխանությունները ապահովել այս գործընթացը։

Մեկ այլ կարևոր հարց է պետության կողմից հաստատված խաղի կանոնների և սոցիալական նորմերի ընդունումն ու պահպանումը քաղաքացիների կողմից: Դարեր շարունակ պետականության ավանդույթների բացակայությունը, ինչպես նաև խորհրդային պետական համակարգի շրջանակներում քաղաքացու և պետության միջև փոխհարաբերությունների խեղաթյուրված մշակույթը, փողոցային, կիսագողական միջավայրին բնորոշ, մեծ մասամբ ոչ ֆորմալ կարգավորումներին և հասկացություններին հետևելը, այսօր հանգեցրել են նրան, որ մեր երկրում առկա է քաղաքացիների կողմից պետության մերժման շատ բարձր մակարդակ։

Հարց է ծագում, թե որքանո՞վ է մեր երկրում ձևավորված ագրեսիվ բարոյահոգեբանական մթնոլորտը, անհանդուրժողականության բարձր մակարդակը, հասարակության բաժանումը հների և նորերի միջև նպաստում պետության կողմից իր կարգավորող գործառույթի իրականացման արդյունավետությանը, որքանո՞վ են Հայաստանի խորհրդարանում քննարկումների  օրակարգը և ձևաչափը արտացոլում պետության և առհասարակ ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Աստիճանաբար, պետության կարգավորիչ գործառույթը սկսում է աշխատել բացառապես կոնկրետ քաղաքական ուժի իշխանության ամրապնդման, վերջինիս հավակնություններն ու ցանկությունները բավարարելու խնդրի վրա: Արդյո՞ք գործող իշխանությունները կկարողանան փոխել այս ցավալի իրավիճակը։

Մեր իրավիճակի յուրահատկությունը պայմանավորված է նաև մեծ հայկական սփյուռքի առկայությամբ։ Ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայերը մի մշակույթի կրողներ են, մինչդեռ տարբեր այլ երկրներում բնակվող հայերը ինտեգրված են համապատասխան երկրների մշակույթներին։ Հայաստանում բնակվող հայերի համար սփյուռքը ինչպես ազատ, այնպես էլ կոշտ մշակույթի աղբյուր և օրինակ է։ Սա դառնում է տեղի հայերի մտածելակերպի վրա ազդող նշանակալի արտաքին գործոն: Այն անուղղակի նպաստում է պետության կողմից սահմանված սոցիալական նորմերի և խաղի կանոնների ընկալման մեջ լրացուցիչ հակասությունների ձևավորմանը:

Վերլուծելով իշխանության որակը՝ վերջինիս կարգավորող գործառույթի համատեքստում, մենք հիմնականում անդրադարձել ենք պետական իշխանության երկու ինստիտուտներին ՝ խորհրդարանին և կառավարությանը: Սակայն արդար պետության համար ոչ պակաս կարևոր գործոն է տեղական ինքնակառավարման մարմինների որակը։ Չէ՞ որ միայն պետական և տեղական ինքնակառավարման մակարդակներում լիազորությունների և գործառույթների ճիշտ և բանական բաշխման միջոցով կարելի է հասնել երկրում կառավարելիության լիարժեք և համապարփակ վիճակի: Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց նշանակությամբ նույնպես ունեն կարևոր կարգավորիչ գործառույթ, երբեմն՝ շատ ավելի կարևոր, քանի որ այս մակարդակում ձևավորվող խաղի կանոններն ու սկզբունքները, որպես կանոն, շատ ուղիղ և անմիջական նշանակություն ունեն այս կամ այն համայնքի բնակիչների համար։ Երկրում համայնքների թվաքանակի վերաբերյալ որոշում կայացնելիս՝ խոշորացման բարեփոխումների ժամանակ, ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն ռեսուրսների և հնարավորությունների օպտիմալացման հարցերը։ Մենք նախ պետք է հասկանանք, թե ինչպիսին է տեղական ինքնակառավարման մարմինների որակը. համայնքների ղեկավարները և ավագանիները կարող են ձևավորվել` հաշվի առնելով երկրում  առկա մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները: Որքանո՞վ նրանք ի վիճակի կլինեն ստանձնել ավելի շատ գործառույթներ և լիազորություններ, որոնք կենտրոնացած են հանրապետական և մարզային մարմինների ձեռքում։

Տեղական ինքնակառավարման մարմինների որակի համատեքստում շարունակում են օրակարգային մնալ անհատականացված իշխանությունից (երբ մեծ թվով համայնքներում ղեկավարներն ու ավագանու անդամները ընտրվում են որպես անհատական գործիչներ) անցումը դեպի քաղաքական պատասխանատվության իշխանության ձևաչափին: Դա հնարավորություն կտա՝ առավելագույնս չեզոքացնել ընտրությունների ժամանակ նկատվող այնպիսի գործոն, ինչպիսին է կլանային գործոնը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ավելի որակյալ աշխատանքի համար շատ կարևոր է՝ զարգացնել և ակտիվորեն ներդնել տեղական նշանակության հարցերի լուծման գործում քաղաքացիների ուղիղ մասնակցության ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաները։ Բացի ստանդարտ հանրաքվեներից՝ աշխարհում ակտիվորեն օգտագործվում են համայնքի բնակիչների շրջանում հարցումների անցկացման նոր ձևերը և սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիների մասնակցությունը հարցերի քննարկմանը։ Քաղաքացիների այդպիսի ակտիվ ներգրավումը որոշումների կայացման գործընթացում կարևոր հանգամանք է սեփական համայնքի խնդիրներին մասնակցության զգացման, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և  որպես արդյունք, անհրաժեշտ քաղաքացիական իրավագիտակցության ձևավորման համար: Այն կանոններն ու սկզբունքները, որոնք սահմանվում են քաղաքացիների անմիջական մասնակցությամբ, ավելի դժվար կլինի խախտել և անտեսել:

Եվ վերջինը. պետության կարգավորիչ գործառույթը բազմաբնույթ է ինչպես ուղղությունների, այնպես էլ՝ կատարողների տեսանկյունից: Ինչպես երբևէ, այսօր ՀՀ Նախագահի ինստիտուտը մեծ նշանակություն ունի՝ խաղի լիովին արդար կանոններ և սկզբունքներ հաստատելու համար: Հենց այս ինստիտուտն է կոչված կանխելու մեր օրենսդրության մեջ այնպիսի դրույթների հայտնվելը, որոնք կարող են էականորեն ոտնահարել մարդու իրավունքները և արժանապատվությունը, սոցիալ-տնտեսական գործընթացները մտցնել ապակառուցողական ուղի, մեծացնել հասարակության մեջ առկա պառակտումն ու թուլացնել պետությունը: Սա այն ինստիտուտն է, որի նպատակն է երաշխավորել կոնսենսուս։  Պատմականորեն այնպես է դասավորվել, որ այսօր երկրի նախագահը մի մարդ է, ով իր կենսագրության և փորձի շնորհիվ ոչ միայն գիտնական է և դիվանագետ, այլև շատ լավ հասկանում է գործարար հարաբերությունները, և այն, ինչը կարող է արագ փչացնել ներդրումային գրավչությունն ու միջավայրը: Մի բան, որը կարող է վնաս հասցնել ինչպես անձնական, այնպես էլ՝ պետության հեղինակությանը: Ժամանակն է, որ բազմաթիվ վիճահարույց օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ ՍԴ դիմելու գործիքակազմի կիրառումը դառնա նորմալ ընթացակարգ, սովորական երևույթ, այլ ոչ թե բացառություն:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած ներկայիս քաղաքականության վրա ազդելու սահմանափակ հնարավորություններին և գործիքակազմին, նախագահը, այնուամենայնիվ, այն ինստիտուտն է, որը վերահսկում է Սահմանադրության պահպանումը (հոդված 123, կետ 2): Սահմանադրության նորմերի պահպանման նկատմամբ ընտրովի վերաբերմունքը ոչ տեղին և կործանարար է: Կցանկանայի նաև հիշեցնել այնպիսի գործիքի մասին, ինչպիսին է՝ նախագահի դիմումը խորհրդարանին (128-րդ հոդված), որը կարելի է արդյունավետորեն օգտագործել՝ կառավարման տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության պահպանման և հակասահմանադրական իրավիճակներից խուսափելու համար:

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ, պատմականորեն ձևավորված գործոնների հետ միասին, վերը նշված բոլոր դիտարկումները որոշ չափով լրացնում են այն մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանում լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում: Հենց լիարժեք քաղաքացիական հասարակությունը կարող է հանդիսանալ արդար պետության գոյության և վերջինիս կողմից իր կարգավորող գործառույթի արժանիորեն իրականացման հիմնական երաշխավորը։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Հոդվածը հրապարակվել է tert.am-ում:

Տեսանյութեր

Լրահոս