
Պուտինի և Զելենսկու հանդիպումը գտնվում է մշակման փուլում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը գտնվում է մշակման փուլում, և լավ կլիներ, որ երկու ղեկավարները նախ երկկողմ հանդիպում ունենային։
Այս մասին նա ասել է «The Mark Levin Show» հաղորդմանը տված ռադիոհարցազրույցում:
«Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե նրանք հանդիպեին առանց ինձ…. Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչ է կատարվում։ Գիտեք, որ նրանք բարդ հարաբերություններ են ունեցել, շատ վատ հարաբերություններ։ Իսկ այժմ մենք կտեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում…. և անհրաժեշտության դեպքում ես կգնամ և, հավանաբար, կկարողանամ դա ավարտին հասցնել», – ասել է Թրամփը։
Նա նշել է, որ երկու ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։
«Ես պարզապես ցանկանում եմ տեսնել, թե ինչ տեղի կունենա այդ հանդիպման ժամանակ։ Այսպիսով, նրանք գտնվում են այն նախապատրաստելու փուլում, և մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա», – նշել է ԱՄՆ նախագահը։
Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Թրամփը հյուրընկալել էր Ուկրաինայի, եվրոպական երկրների, Եվրահանձնաժողովի և ՆԱՏՕ-ի ղեկավարներին։ Հանդիպումից հետո հայտարարվեց, որ նախապատրաստվում է Զելենսկու և Պուտինի հանդիպումը։