
Նեթանյահուն Մակրոնին մեղադրել է հակասեմականություն հրահրելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու իր որոշմամբ հակասեմականություն հրահրելու մեջ։ Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով Իսրայելի ղեկավարի նամակը Ֆրանսիայի նախագահին:
Նամակում Նեթանյահուն խոսում է վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցած հակասեմական միջադեպերի մասին և փորձում է դրանք կապել Մակրոնի՝ Պաղեստինի հանդեպ վարած քաղաքականության հետ։
«Պաղեստինի Պետություն ստեղծելու ձեր կոչը յուղ է լցնում այս հակասեմական կրակի վրա… Այն խրախուսում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, ուժեղացնում է պատանդներին ազատ արձակելու նրա դժկամությունը, խրախուսում է Ֆրանսիայի հրեաներին սպառնացողներին և քաջալերում հրեաների նկատմամբ ատելությունը, որն այժմ տիրում է ձեր փողոցներում», – ասել է Նեթանյահուն։
Ի պատասխան դրա՝ Մակրոնի գրասենյակը հայտարարությամբ հակադարձել է քննադատություններին՝ նշելով, որ Նեթանյահուի պնդումը, թե Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշումը հանգեցրել է Ֆրանսիայում հակասեմական բռնության աճի, «սխալ է, նողկալի և անպատասխան չի մնա»։
Հայտարարության մեջ ասվում է, որ Մակրոնը կպատասխանի Նեթանյահուին նամակով՝ մատնանշելով Մակրոնի ջանքերը Ֆրանսիայում հակասեմականությունը վերացնելու ուղղությամբ։
Հուլիսի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի նիստում, ինչը քննադատության էր արժանացել Իսրայելի կողմից։
Ֆրանսիայի հայտարարությանը հետևել էին Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։