
Հունգարիան հայտարարել է «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն օգոստոսի 19-ին հայտարարել է, որ Ռուսաստանը վերանորոգել է ուկրաինական գրոհի հետևանքով վնասված «Դրուժբա» նավթամուղը, և նավթի մատակարարումները Հունգարիա վերսկսվել են:
Այս մասին Սիյարտոն գրել է X սոցիալական հարթակում։
««Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումները վերսկսվել են երկու օր առաջ ուկրաինական գրոհից հետո», – գրել է Սիյարտոն:
Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին արագ վերանորոգման համար։
«Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան այլևս հարված չի հասցնի այս կարևորագույն նավթամուղին։ Սա մեր պատերազմը չէ։ Հունգարիային հարկավոր է զերծ պահել դրանից», – հավելել է նա։
Օգոստոսի 18-ին Սիյարտոն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են «Դրուժբա» նավթամուղի ենթակայաններից մեկին, որով ռուսական նավթ է մատակարարվում Հունգարիա և Սլովակիա։ Սլովակիան ևս հայտնել էր ռուսական նավթի մատակարարումների դադարեցման մասին։
Սիյարտոն Կիևին մեղադրել էր Հունգարիան ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի համար։ Կիևից արձագանքել էին՝ նշելով, որ բողոքները հարկավոր է ուղղել Մոսկվային։