
Մոդին հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ Նյու Դելիում կայացած հանդիպումից հետո ողջունել է երկու երկրի հարաբերությունների բարելավման «կայուն առաջընթացը»։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Մոդին ընդգծել է «միմյանց շահերի և զգայուն հարցերի նկատմամբ հարգանքը»։
Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ նախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը բարեխղճորեն կհետևի այն կարևոր համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել երկու երկրի ղեկավարների միջև, կամրապնդի փոխգործակցությունը բոլոր բնագավառներում, կնպաստի չին-հնդկական հարաբերությունների կայուն զարգացմանը։
Վան Ին հիշեցրել է, որ Չինաստանի և Հնդկաստանի հարաբերությունները «վերելքներ և վայրէջքներ են ապրել», և անհրաժեշտ է հաշվի առնել այդ փորձը:
Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ սահմանային վեճերն ազդեն երկկողմ հարաբերությունների վրա։
Ավելի վաղ Վան Ին Նյու Դելիում հանդիպել էր իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները լարվել էին 2020 թվականին, երբ սահմանին բախումներ էին տեղի ունեցել։
Զոհվել էին 4 չինացի զինվոր և 20 հնդիկ զինվոր։ Այս միջադեպից հետո բարձր մակարդակով քաղաքական շփումները սառեցվել էին։