«Էդմոն Մարուքյանը Արթուր Բաղդասարյանի քաղաքական իրավահաջորդն է». Նարեկ Սամսոնյան

«Նախագահ Արմեն Սարգսյանը համալրեց քաղաքական այն դիակների շարքը, որը հավակնում էր համալրել». «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսպես է արձագանքում այն փաստին, որ նախագահը ստորագրել է սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին որոշումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ օրեր առաջ շրջանառության մեջ էր դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված  փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

«Փաշինյանը չխնայեց անգամ այն պատգամավորներին, որոնց խոսքը երկու րոպե  լսելուց հետո հասկանում ես, որ ապրում ես վտանգավոր պայմաններում: Այդ մարդիկ մտան այն պատասխանատվության տակ, ուղղակիորեն ստորագրեցին մի բանի տակ, որը ինչքան էլ փորձեցին չանցկացնել, միևնույն է,  իրենց անունների տակ գրվեց «սահմանադրական կարգի տապալում» եզրույթը, որը ապագայում կոնկրետ քրեական հետապնդման տեսքով սպառնում կամ սպասվում է իրենց»,- ասաց Սամսոնյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, որ հանրաքվեի «Ոչ»-ի շտաբն ինքը չի ղեկավարելու: Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ խորհրդարանում ընդդիմություն չկա:

«Ես հիշում եմ 2008-ի նախագահական ընտրությունները, այնտեղ կար մի մարդ, որի քաղաքական իրավահաջորդն է Էդմոն Մարուքյանը, դա Արթուր Բաղդասարյանն էր: Հիշո՞ւմ եք՝ Բաղդասարյանը ինչպես էր քննադատում Սերժ Սարգսյանին՝ ծայրահեղ ձևով, անգամ հանրահավաք էր հրավիրել և ասում էր, որ իրեն կարող է սպանեն, մենք տեսել ենք Բաղդասարյանին, և Էդմոն Մարուքյանից չենք զարմանում: Ի՞նչ է նշանակում՝ քննադատել այդքան, հետո ասել, որ՝ «Ոչ»-ի շտաբը ես չեմ վերցնում, և ով էլ վերցնի՝ օգնելու է  իշխանություններին, այդ դեպքում ինչո՞ւ էիր քննադատում, դրանով էլ էիր օգնում իշխաություններին: Մենք դե ֆակտո գիտեինք, հիմա դե յուրե էլ իմացանք, որ ԱԺ-ում ընդդիմություն չունենք: Ազգային ժողովը մեկ ընդհանուր մարմին է, որտեղ կա ընդդիմադիր ուժերի վակուում»,- ասաց Սամսոնյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը չի բացառում, որ, եթե ՍԴ դատավորները որոշեն այսօր հրաժարական տալ, ապա իշխանությունը կհրաժարվի հանրաքվեից: Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ գործող իշխանությունը հույս չունի, որ կկարողանա անհրաժեշտ ձայներ հավաքել, և այդ է պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է անում գալ Հայաստան և քվեարկել:

«Ես չեմ ասում, որ չեն կարողանա վերջնական արդյունքներում անհրաժեշտ ձայներ ապահովել, ես չեմ ասում, որ Տիգրան Մուկուչյանը ամբողջությամբ մաքուր անձնավորություն է, բայց ես հուսով եմ, որ Մուկուչյանը պատկերացնում է, որ, եթե նախորդների գնալուց հետո հաջորդները իր հետ որոշակի պայմանավորվածությունների եկան ու պահեցին իրեն այնտեղ, մյուս եկողները պարզելու են, թե որտեղ կա կեղծիք, և դրա համար նա պատասխանատվության է ենթարկվելու: Ես վստահ եմ, որ կա հակվածություն, և կեղծիք լինելու է: Բոլորի մոտ տպավորություն կա, որ իշխանափոխությունից 5 պակաս իրավիճակ է»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս