«Այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը». Լիլիթ Թումանյանը՝ Սահմանադրական հանրաքվեի մասին
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու դրա համար կազմակերպված հանրաքվեն ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: ՀՀԿ-ն քննարկել է ստեղծված իրավիճակն ու եկել այն եզրահանգման, որ հանրաքվեն ոչ պետականամետ, հակաօրինական, բազմաթիվ խախտումներով որոշում է։ Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: Ավելի ուշ որոշվեց, որ ՍԴ-ի հարցը կդվի հանրաքվեի:
«Գործող իշխանությունը մեկ նպատակ ունի՝ վերացնել Սահմանադրական դատարանը, մարդկանց փոխարինել իրենց ուզած մարդկանցով: Իրենք արդեն իսկ, խախտելով Հանրաքվեի մասին օրենքը, անցել են քարոզարշավի, արդեն իսկ իրենց տարերքի մեջ են, այն առումով, որ իրենցը դա հայհոյանքներն են, անեծքներն են։ Այդ տիրույթում իրենք որևէ մրցակից չունեն և չեն կարող ունենալ: Այն բոլոր ուժերը, որոնք լինելու են այս ամենի կողքին, եթե կլինեն այդպիսիք, մեղսակից են լինելու, քանի որ ժամանակ է գալու, պարզվելու է, որ սա հակապետական ճանապարհ է, հակաօրինական հանրաքվե է»,- ասաց Աճեմյանը:
Քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը վստահեցնում է՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծ բերելն ու այն հանրաքվեի դնելը բացառապես քաղաքական գործընթաց է: Նա հիշեցնում է, որ այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, քննադատում էր ՀՀԿ-ին, թե ՍԴ-ն սպասարկում է գործող իշխանությանը:
«Հիմա ստեղծվել է կատարյալ իրավիճակ: ՍԴ ներկայիս կազմը չի սպասարկում ներկայիս իշխանությանը, դրա մասին ասում է հենց Նիկոլ Փաշինյանը: Սա իրավական զսպումների կատարյալ սիստեմ է, իրավական պետությունում հենց այսպես պետք է աշխատի ՍԴ-ն, պետք է լինի այնպիսի կազմ, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ այն սպասարկում է գործող իշխանությանը: Հենց այս կազմը պետք է աշխատի»,- ասաց Թումանյանը:
Կարինե Աճեմյանը, անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ բոլոր անհաջողությունների համար մեղավոր են «նախկինները», նկատում է, որ այժմ էլ Կենտրոնական ընտրակական հանձնաժողովի նախագահն ու անդամները «նախկիններից» են:
«Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովներում աշխատելու իրավունք ունեցողներից 4000-ը նախկիններից են, ինչը, հնարավոր է՝ մտահոգություն առաջացնի: Ուզում եմ հիշեցնել, որ ոչ միայն Տիգրան Մուկուչյանին, այլև ԿԸՀ բոլոր անդամներին ընտրել ենք մենք, նրանք բոլորը նախկին են, եթե նախկիններն ընտրակեղծիքներ են թույլ տվել, ապա Նիկոլ Փաշինյանը նրանց հետ պետք է չաշխատեր, եթե նրանք լավ են աշխատել, ապա բոլոր այն ստերը, որոնք հորինվել են նախկին ընտրակեղծարարությունների մասին, ջրի երես են դուրս գալու»,- պնդում է Աճեմյանը:
Այսօր արդեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ հանրաքվեի վրա կծախսվի 2.7 մլրդ դրամ: Լիլիթ Թումանյանն առաջարկում է մտածել, թե ո՞րն է առաջնահերթ, հանրաքվե անցկացնե՞լը, թե՞, օրինակ, փամփուշտներ գնելը: Նրա խոսքով՝ գործող իշխանությունը փորձում է ՍԴ-ն հարմարեցնել իր քիմքին.
«Ժողովո՛ւրդ, պատրա՞ստ եք արդյոք քվեարկել, եթե սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկում գրված լինի՝ «Համաձա՞յն եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանն իր կամքով, իր տրամադրությունից ելնելով՝ նշանակի ՍԴ նախագահ և դատավորներ, հետո եթե հանկարծ ընդհանրություն չգտան, ապա փոխեփոխ անի, երբ ուզենա, ինչքան ուզենա», «համաձա՞յն եք արդյոք, որ եկող յուրաքանչյուր նոր իշխանություն անընդհատ փոփոխի Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի կազմը», իսկ մենք շատ լավ գիտենք, որ հաճախ սահմանադրության փոփոխումը դա վատ նշան է, «համաձա՞յն եք, որ նախկին որևէ օրինազանցություն շտկելու համար, կատարվեն նոր օրինախախտումներ»»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՍԴ-ն հասարակության շրջանում ունի վստահության ցածր մակարդակ: Դա է պատճառը, որ գործող իշխանությունը նախաձեռնել է նման փոփոխություններ: Լիլիթ Թումանյանին անհանգստացնում է այն, որ Սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում հակադրվում են «ժողովրդավարություն ու իրավական պետություն հասկացությունները», իշխանության ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ՍԴ-ն խանգարում է ժողովրդի կամարտահայտմանը:
«Այս երկու հասկացությունները չեն կարող հակադրվել, դրանք փոխլրացնում են իրար: Մեր երկրում տեղի են ունենում մի շարք գործընթացներ, որոնք չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, օրինականության մեջ, և տեղավորվում են միայն մի բանի մեջ՝ «այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը»»,- ասաց Լիլիթ Թումանյանը:
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ իշխանության դիրքորոշումը ՍԴ-ի նկատմամբ սրվեց այն ժամանակ, երբ վերջինները դիմեցին Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
«Մենք տեսնում ենք անձնական խնդիրների բավարարում՝ վրեժխնդրություն: Այդ ամենը պրոյեկտվում է Արցախյան հարցի կարգավորման վրա: Անշուշտ, մենք բանակցային այս գործընթացից հասկացանք, որ բանակցություններ ամեն դեպքում տեղի են ունենում: Տարբեր արտահոսքերից տեղեկանում ենք, որ քննարկվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների տեղավորման հարցն Արցախում, դա կլինի համակեցության գոտիների ստեղծմա՞ն, թե՞ այլ ձևով, ե՞րբ դա կլինի, դա այլ հարց է: Այս ՍԴ-ն՝ ներկայիս կազմով, երբեք թույլ չի տա նման պայմանագրի, համաձայնագրի անցկացումը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը ստորագրելուն, ապա բանախոսները պնդում էին, որ նախագահն այդ կերպ արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, քանի որ նա կարող էր նաև չստորագրել, և անգամ այդ դեպքում հանրաքվեն տեղի կունենար: