
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին հարցին

Իշխանական տարբեր տրամաչափերի գործիչներ ու քարոզիչներ վերջին օրերին լծվել են Վենետիկի հանձնաժողովն ու մասնավորապես նրա նախագահին սևացնելու գործին՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության, ոչ անաչառ լինելու, ընդհուպ՝ կաշառակերության մեջ:
Օրերս «Ազատություն» ռ/կ եթերում, օրինակ, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանը, խոսելով Վենետիկի հանձանաժողովից (ՎՀ) եկող ազդակների ու հայտարարությունների մասին, ասել էր. «Նախ՝ ինձ համար շատ միանշանակ չի ՎՀ-ի որոշ պաշտոնյաների անկողմնակալությունը կոնկրետ այս հարցով, և ոչ միայն՝ այս հարցով»:
Վահե Գրիգորյանը, սակայն, իշխանական թևը ներկայացնող կամ նրա համակրանքը վայելող միակ գործիչը չէ, որ կասկածի տակ է դնում միջազգային կառույցների, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի անաչառությունը:
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ևս ժամանակին նշել էր, որ Բուքիքիոն այն սուբյեկտը չէ, որի կարծիքը պետք է հաշվի առնել, նրա խոսքը միջամտություն է, և իրենց խմբակցությունը պետք է պարզաբանի նրա հետ այդ հարցը: Նա ակնարկել էր նաև, որ Բուքիքիոն որոշակի շահագրգռվածություն ունի, ուղղորդված է և կապ ունի նախկին իշխանությունների հետ:
Օրեր առաջ էլ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը («Իրավունքի Եվրոպա» հ/կ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի կինը), մասնավորապես, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ ՎՀ-ի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության արձագանքին, ասել էր հետևյալը.
«Բուքիքիոն քո թվարկածներից ինչո՞վ է տարբերվում: Ինքն էլ մտերմություն է ձևավորել Դավիթ, Արփինե & Co-ի հետ ու էլի կանխակալ մոտեցումներով է առաջնորդվում: Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունները միշտ ձևական են հանդիպել ՀԿ-ների հետ ու ուղղակի պտիչկայի համար անցկացրել այդ հանդիպումները»:
«Իմ քայլ»-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Վահագն Հովակիմյանը, երեկ հայտարարել էր. «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածները ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարևորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»:
Ըստ էության այս հայտարարություններն ու կարծիքները ուղղակի մեղադրանք են միջազգային հեղինակավոր այդ կառույցի ու նրա ղեկավարի հասցեին, և դրանով իսկ տարօրինակ է, որ այս հարցում իշխող թիմում կարծես թե կոնսենսուս չկա, կամ գոնե հասարակության համար չկա, որովհետև հակառակ դեպքում տրամաբանական չէ, թե ինչո՞ւ է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր իսկ նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Այսօր, իմ նախաձեռնությամբ, հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նախարարը:
Առհասարակ ի՞նչ արձագանք կգտնեն այս հայտարարությունները միջազգային կառույցներում ու մասնավորապես Վենետիկի հանձնաժողովում, ի՞նչ հայտարարությւնների տեսքով հետ կգան, և ընդհանրապես, պե՞տք է մեզ արդյոք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե՞ դա իրոք հարված է մեր ինքնիշխանությանը, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները:
Այս հարցերի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ 2019թ. օգոստոսի 5-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, մինչ այդ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է եղել:
Եղիշե Կիրակոսյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
«Չեմ կարող պատասխանել, կներեք: Իմ մանդատի իրավասությունից դուրս է»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Խնդրեցինք, որ որպես իրավաբան՝ պատասխանի այն հարցին, թե պե՞տք է արդյոք սահմանադրական փոփոխությունների՝ ապրիլի 5-ին հանրաքվեի դրվող նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիքի:
«Չեմ կարող պատասխանել: Կներեք»,- երկրորդեց Եղիշե Կիրակոսյանը: