ԱլԳ Ազգային պլատֆորմի համակարգողը Վենետիկի հանձնաժողովի նախագահին մեղադրում է կանխակալ մոտեցումներով առաջնորդվելու մեջ
Ֆեյսբուքյան հայկական տիրույթում երեկ երեկոյից քննարկումների թեման Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հերթական հայտարարությունն էր Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որով նա զսպվածության կոչ էր անում կողմերին:
Թերևս, այդ քննարկումներից մեկի ժամանակ էլ մեկնաբանություններից մեկում ֆեյսբուքյան օգտատեր Արման Ղարիբյանի այն գրառմանը՝ «թե լավ չենք անում, քաղհասարակության մի մասը կանխակալ մոտեցումներով է առաջնորդվում, քաղաքական ուժեղ ընդդիմություն չկա, մեդիան կամ իշխանամետ է, կամ իշխանություն հայհոյող՝ չնչին բացառություններով», Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգայի պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը («Իրավունքի Եվրոպա» հ/կ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի կինը) մասնավորապես պատասխանել էր հետևյալ կերպ.
«Բուքիքիոն քո թվարկածներից ինչո՞վ է տարբերվում: Ինքն էլ մտերմություն է ձևավորել Դավիթ, Արփինե & Co-ի հետ ու էլի կանխակալ մոտեցումներով է առաջնորդվում: Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունները միշտ ձևական են հանդիպել ՀԿ-ների հետ ու ուղղակի պտիչկայի համար անցկացրել այդ հանդիպումները»:
ԵԽԽՎ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել Լուսինե Հակոբյանի այդ մեկնաբանությունը:
«Ինձ համար այդ մեկնաբանությունները զավեշտի և անհեթեթության ժանրից են: Բացատրեմ՝ ինչո՞ւ: Այո, ես շատ լավ աշխատել եմ Վենետիկի հանձնաժողովի հետ: Այո, նորմալ, պատշաճ կերպով ներկայացրել եմ մեր մտահոգությունները, խնդիրները, երբ իրենց հետ համագործակցում էի՝ որպես արդարադատության նախարար: Ավելին ասեմ, այս իշխանությունները ունեն նշանակված ներկայացուցիչ՝ իրենց լոյալ մարդ: Ավելին ասեմ, ԵԽԽՎ պատվիրակության անդամներից մեկը, եթե չեմ սխալվում, նշանակվել է ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում՝ խմբի քվոտայով ընտրված»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Վերջինիս կարծիքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունները որևէ խնդիր չունեն հասանելի դարձնելու իրենց տեսակետը ԵԽ-ին, Վենետիկի հանձնաժողովին, ԵԽԽՎ-ին ու այլ պատկան իրավասու մարմիններին:
«Բոլորովին այլ հարց է, թե որքանով են նրանց փաստարկները համոզիչ նշված կառույցների համար»,- նկատեց արդարադատության նախկին նախարարը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ, օրինակ, Ջիանի Բուքիքիոն դարձած լինի ՀՀԿ անդամ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.
«Կուսակցական ցուցակներին չեմ տիրապետում, բայց ինձ թվում է՝ անհայտ չէր մնա որևէ եվրոպացի պաշտոնյայի ու հատկապես Վենետիկի հանձնաժողովի պաշտոնյայի՝ ՀՀԿ մաս կազմելը: Իրականում սա այդ հարցին որպես կատակով պատասխան ընդունեք, բայց կարծում եմ, որ սա արդեն դառնում է ոչ թե զվարճալի, այլ այլևս ողբերգական»:
ԱԺ նախկին փոխխոսնակի պնդմամբ՝ մարդիկ, խնդիրը թողած, անհասկանալի է, թե ինչով են զբաղված:
«Իրենք չեն հասկանում, որ իրականում խնդիր ունեն, և խնդիրն իրենց, իրենց քայլերի, պահվածքի ու իրենց հակաիրավական վարքագծի մեջ է, ու դա թողած՝ փորձում են հասկանալ, թե այն ո՞վ է, որ կարող է ինֆորմացիա փոխանցել»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը: