Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Նորայր Փանոսյանին
Քիչ առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Նորայր Փանոսյանին»:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվել էր ս/թ հունվարի 9-ին, երբ դատարանը բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։
Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, ով սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:
Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: