ՀԿ-ները Կառավարության առաջարկը համարում են իրենց գլխին կախված «դամոկլյան սուր»՝ հետագա իրենց գործունեությունը կասեցնելու համար. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Կառավարությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում կատարել փոփոխություններ և սահմանել պարտադիր պահանջ, որ հասարակական կազմակերպությունները պարտավոր են, բացի յուարաքանչյոր տարի ներկայացվող հաշվետվությունները, տարեկան հաշվետվություն ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, որի համար ստեղծվել է taxservice.am  հարթակը, որտեղ հրապարակված հաշվետվությունները այլևս հասանելի են լինելու նաև հանրությանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագիծն օրակարգ մտցնելուն, իսկ առաջին ընթեցումից հետո պատրաստ են խորհրդարան հրավիրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և լսել նաև նախագծի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք նախագծին դեմ են քվեարկելու, քանի որ ՀԿ-ներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում են օրենքով  սահմանված կարգով և հավելյալ ևս մկ հաշվետվությունը լրացուցիչ բեռ է դառնալու այդ ՀԿ-ների համար, հետևաբար՝ նախագիծն անհարկի ավելացնելու է ՀԿ-ների բեռը, բացի այդ՝ նախագծում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք թույլ են տալու ՊԵԿ-ին հայեցողական մոտեցում ցուցաբերել ՀԿ-ների նկատմամբ։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ իրենց խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու նախագծին։

«Որևէ մեկը դեմ չէ թափանցիկությանը, բայց դա այլ բան է, հիմա շատ ավելի խիստ պահանջ է դրվում ՀԿ-ների առաջ և կարող է մեկ աթոռ ավել, կամ պակասը խնդիրների պատճառ դառնալ, բացի այդ՝ ՀԿ-ների միջև այս հարցի վերաբերյալ չկա լիակատար կոնսենսուս և շատերը սա համարում են «դամոկլյան սուր» իրենց գլխին կախված՝ հետագա իրենց գործունեությունը կասեցնելու համար»,- ասաց  Զոհրաբյանը։

Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկվեց միայն «Իմ քայը» խմբակցության կողմ քվեարկությամբ։

Տեսանյութեր

Լրահոս