Բարեփոխումների չեզոքացո՞ւմ, թե՞ դատավորների անկախության ամրապնդում: ՍԴ-ին կրկին անհիմն մեղադրում են
Սահմանադրական դատարանի գլխին ամպերի ավելի խիտ կուտակումներ ապահովելու համար իշխող քաղաքական ուժը գործի է դնում սին փաստարկներ խաղադաշտ բերելու ռազմավարությունը՝ ինֆորմացիոն մանիպուլյացիայի մակարդակում փորձելով հասարակության շրջանակներում ամրապնդել Սահմանադրական դատարանում, իրենց պատկերացումներով, գոյություն ունեցող ճգնաժամի դեմ օր առաջ պայքար մղելու կարևորությունը և խնդրի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով ստանալու գաղափարը:
Այսպես, փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում բերված տարատեսակ, բայց ոչ այդքան հստակ պատճառների կողքին շրջանառվեց Սահմանադրական դատարանի կողմից Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների կրճատման թեզը, որով Սահմանադրական դատարանը, իշխող քաղաքական ուժի խոսքերով, չեզոքացնում է հնարավոր բարեփոխումները:
Այս թեզի շահարկման հիմքում ընկած է նախորդ տարվա դեկտեմբերին Սահմանադրական դատարանի կողմից ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արդեն նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքի բավարարումը, որի լիազորությունները դադարեցվել էին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից 2018 թվականի փետրվարի 14-ին։
ԲԴԽ-ն դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցրել էր՝ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով: Նշված կետի համաձայն՝ դատավորի լիազորությունների դադարեցման համար կարող է հիմք դառնալ դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Սահմանադրական դատարանը գտել էր, որ ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ փոխկապակցված Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ` այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման համար:
Փորձենք ոչ իրավաբանական լեզվով բացատրել, թե ինչ էր Սահմանադրական դատարանը ցանկացել ասել իր տվյալ որոշմամբ.
1․ Սահմանադրական դատարանում վիճարկվում էր մի նորմ, որը հնարավորություն էր տալիս ԲԴԽ-ին դադարեցնել ցանկացած դատավորի լիազորությունները, եթե նա կատարել է այնպիսի արարք, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
2․ Եթե մի պահ փորձենք յուրաքանչյուրս մեզ համար մեկնաբանել դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքներ ձևակերպումը, ապա միանշանակ չենք կարող տալ դրա սպառիչ բնութագիրը, և յուրաքանչյուրիս համար այն կլինի առանձնահատուկ:
3․ Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ վիճարկվող դրույթը չափազանց անորոշ է և ոչ հստակ և, ըստ էության, հնարավոր է դատավորի լիազորությունները դադարեցնել նրա վարքագծի ցանկացած դրսևորման դեպքում՝ այն որակելով դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի, անգամ, օրինակ՝ դատավորի կողմից պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելը։
4․ Վենետիկի հանձնաժողովը նույնպես բազմաթիվ անգամ նշել է, որ այն օրենսդրությունը, որը կարգավորում է դատավորի կարգապահական պատասխանատվության և կարգապահական որոշում կայացնող մարմինների հետ կապված իրավահարաբերությունները, պետք է ձևակերպվի հստակ, և, որ երկրները հաճախ դժվարությունների են հանդիպում, երբ կարգապահական գործողությունների հիմքերը բավարար չափով մանրամասնված չեն:
Այս ամենից կարելի է եզրահանգել, որ Սահմանադրական դատարանի որոշումը հետապնդում է բացառապես մեկ նպատակ. հստակեցնել այն անորոշ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումը, որի հիման վրա հնարավոր էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ այդպիսով սահմանափակելով դատավորների գործունեության նկատմամբ ցանկացած անհարկի միջամտությունը՝ ապահովելով դատական իշխանության անկախությունը:
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ