Գնաճի հրեշի զսպումը

Սովորաբար ենթադրում են, որ տնտեսական վիճակագրությունը միապաղաղ ու չոր փաստ-թվերի շարան է: Ենթադրում ու հրաժարվում են վիճակագրական տեքստեր ընթերցել: Իսկապես, անցած տարի, օրինակ, դժվար էր ընթերցել սպառողական գների մասին պաշտոնական հաշվետվությունները: Հանրահայտ ֆրազով ասած՝ տեքստերում «էքսպրեսիա չկար»:

Թվերի ու դրանց ուղեկցող տեքստերի ետևից չէր երևում «գնաճի հրեշը»: Նույնիսկ տնտեսության կառավարիչներն էին մասնավոր ու մասնագիտական զրույցներում բողոքում գնաճի բացակայությունից: Լավ էր՝ բերքահավաքի շրջանի արտահանումներն ու տարվա վերջին եռամսյակի ավտոներկրումները մի քիչ ակտիվություն հաղորդեցին տնտեսությանը: Ակտիվություն հաղորդեցին ու հնարավորություն տվեցին բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ներկայացնել: Բայց միևնույն է՝ տնտեսական վիճակագրության հաշվետվությունները շարունակում էին մնալ անհոգի: Այդ պատճառով էլ սպառողական գների ինդեքս կոչվածը մնում էր համարյա անփոփոխ ու իր անփոփոխությամբ «քարացնում» տնտեսական գործընթացները: Բայց այս տարի պատկերը կարծես փոխվում է: Համենայն դեպս, նման հույսեր ներշնչում է «Սպառողական գների ինդեքսը 2020թ. հունվարին» հաշվետվությունը:

Չի կարելի միանշանակ պնդել, որ սույն փաստաթղթի ընթերցումն իր հուզականությամբ չի զիջում դեդեկտիվ պատումներին: Բայց ընթերցելու արժանի է: Հաստատ: Տեսեք, թե ինչպես է բացատրվում սննդամթերքի գների շուկայում հունվար ամսին կատարվածը. «2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10.4% և 17.6% գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 4.4% գնանկում, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 17.6% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 10.6-33.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում:

Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 14.6%-ով: Մրգի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ` 10.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 5.1-17.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 10.8%-ով»:

Տեսնո՞ւմ եք՝ գնանկման ու գնաճի ինչ սահուն հերթափոխություն կա մեկ նախադասության մեջ: Հատկապես բանջարեղենի ապրանքախմբում` գնանկում՝ 4.4 տոկոս նախորդ տարվա, ու միանգամից 10.4-17.6 տոկոս աճ՝ նախորդ ամսվա համեմատ: Սրան զուգահեռ՝ հաշվետվության մեջ նոր գները ներկայացվում են 2015թ. գների հետ համեմատած: Իսկ դա Եվրոստատի պահանջն է: Որպեսզի հաշվետվությունն ընթերցելիս պարզ լինի վերջին տարիներին կատարվածը:

Թվում է, թե իրավիճակն օրհասական է: Հատկապես ծանր է ընթերցվում վերջին նախադասությունը, որ մայրաքաղաքում գների մակարդակի համարյա 11 տոկոս աճ է արձանագրում: Բայց հիասթափվել պետք չէ: Գնանկում-գնաճի այս համարյա վախճանաբանական տեքստի պաշտոնական ընդհանրացումը շատ լուսավոր է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունվարը 2019թ. հունվարի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%»:

Այսինքն, էլի գնաճ չկա: Չնայած, որ «2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.9%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.4 տոկոսային կետով»:

Բայց սա վտանգավոր չէ: Որովհետև, բացի սննդամթերքից, կան նաև այլ ապրանքախմբեր ու ոլորտներ, որոնց գնանկումը հնարավորություն է տալիս գնաճի հրեշին շղթայել 0.2 տոկոսանոց ցուցանիշի վրա:

Զուգահեռ պաշտոնական վիճակագրությունը, այս թվից զատ, հրապարակում է, որ նախորդ հունվարի համեմատ՝ ամենամեծ գնաճն ունեցել է ալկոհոլի ու ծխախոտի ապրանքախումբը` 5 տոկոս: Հետո կրթության ոլորտը` 3.7 տոկոս գնաճ: Իսկ հագուստ-կոշիկ ապրանքախումբն ու տրանսպորտի ոլորտը գնաճի նույն ցուցանիշով` 2.9 տոկոս, կիսում են պատվավոր երրորդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս