«Ոչ ոք ՀՀ քաղաքացուն չի՛ կարող հռչակել հակապետական ուժ, ուզում է՝ 90 % ձայն հավաքած լինի». Էդմոն Մարուքյան
«Ակնհայտ է, որ չի կարող նախագիծն այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն իսկ հիմա, ըստ կանոնակարգ-օրենքի, մեր պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, թե մերժումից հետո ինչ է լինում: Այսինքն ՝ այս ընթացակարգը սխալ եք տանում, բայց քանի որ բազմաթիվ ընթացակարգեր արդեն խախտված են, և դա էական չէ, խնդիրը դրված է, և խնդիրը ներկայացվեց այնպես, ինչպես ներկայացվեց, ես ուղղակի երկու բան եմ ուզում արձագանքել»,- ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների օրենքի քվեարկությունից հետո ունեցած իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ պատգամավորի՝ վարչապետի ելույթի մի ամբողջական հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրում է՝ ինչպես է ՍԴ-ում ձևավորվել Հրայր Թովմասյանի նախագահությունը, մի հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է ԱԺ նախկին նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի նկատմամբ:
«Բայց ինձ մոտ հարց առաջացավ: Եթե դատավորներ կան, որոնք որ նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, կամ հետո այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպիտի պաշտոնավարեն: Կարծում եմ, սա սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է, ըստ Սահմանադրության՝ լինեն անկախ մարմիններ, նրանք պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ, տարբեր իշխանությունների կողմից նշանակված»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ տարակուսելով, թե ինչու այս տրամաբանությունը չի տարածվում նաև 3 նախկին տարբեր իշխանությունների կողմից նշանակված ընդհանուր իրավասության դատարանների վրա, ենթադրենք:
Էդմոն Մարուքյանին վտանգավոր է թվում վարչապետի այն մոտեցումը, որով սպառնում է խորհրդարանական այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները:
«Դուք, պարոն վարչապետ, ասում եք՝ այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր: Եվ երկրորդը՝ ասում եք՝ այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ: Այսինքն՝ Դո՞ւք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը և ովքեր՝ ազգի նվիրյալնե՞րը: Սա՞ է Ձեր երազած ժողովրդավարությունը»,- վարչապետին դիմեց ԱԺ պատգամավորը:
Նա հարց ուղղեց վարչապետին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե այդ ուժերը դիմեն գործողությունների:
«Ի՞նչ պետք է անեն: Պիտի գան, հարձակվեն մեզ վրա, վառե՞ն մեր մեքենաները, ի՞նչ պետք է անեք Դուք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ պատգամավորը վստահ է, որ սա ճիշտ ճանապարհ չէ, և այս մոտեցումները մեզ վատ տեղ են տանելու:
«Ես ուզում եմ ասել, որ իրապես շատ մտահոգված եմ Ձեր ելույթով: Այն մոտեցումները, որոնք այստեղ հռչակվեցին Ձեր կողմից, մեզ լավ տեղ չեն տանելու: Կարող էինք համարել էմոցիոնալ ելույթ, բայց Դուք Ձեր տեղում նստած՝ գլխով եք անում, այսինքն՝ հենց այդպես էլ լինում է: Ես էլ ասում եմ, որ ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ: Ոչ ոք: Ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանաք: Մի մարդ էլ համաձայն չլինի. Պատրաստ եմ կանգնել այդ մարդու կողքը, ու մենք կկանգնենք: Ու ոչ ոք չփորձի այստեղ պոլիտբյուրո սարքել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի հանրաքվեի մասին որոշման նախագծին և իր ապագա գործողությունները կքննարկի տարածքային ստորաբաժանումների հետ, և այնպես, ինչպես կորոշեն ՀՀ ոչ պակաս հպարտ քաղաքացիները, ովքեր համաձայն չեն ինչ-որ քայլերի հետ, այնպես էլ կուսակցությունը կվարվի, և ոչ ոք չի կարող այստեղ մեզ փորձել անեծքներով շանտաժի ենթարկել»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում