Բաժիններ՝

ԱԻ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը, ողջունելով հյուրին, իր խոսքում կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ղազախական կապերի ամրապնդումը:

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԻ ոլորտում հայ-ղազախական համագործակցության նոր հնարավոր ուղղությունների, ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին առնչվող հարցերի վերաբերյալ:

Հայ-ղազախական համագործակցությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, ինչպես նաև ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի և ԱՊՀ ԱԻ հարցերով միջպետական խորհրդի շրջանակներում:

2018 թվականին ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է միջտարածաշրջանային համագործակցություն հաստատել աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման, կանխարգելման և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման բնագավառներում:

Մասնավորապես՝ նախատեսված են համատեղ ուսումնավարժանքներ, մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և, անհրաժեշտության դեպքում, փոխօգնություն փրկարարական աշխատանքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս