Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական և այլ փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար. ԵԽԽՎ համազեկուցողներ
«Հայաստանի խորհրդարանը որոշեց արտահերթ նիստ անցկացնել փետրվարի 6-ին, որպեսզի քննարկի մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի` օրենսդրության նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու պահանջը: Ի թիվս այլի, սա ինքնին կփոխի Սահմանադրության վերանայման կարգը: Բացի այդ, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը, կարծես թե, նպատակ ունի անհապաղ դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների ժամկետները»,- այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի տարածված հայտարարության մեջ։
Համազեկուցողները նշում են, որ այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա:
«Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված մի քանի հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-ասվում է հայտարարության մեջ։