
Դավիթ Տոնոյանն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։
Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։