«Հարգելի՛ Փաշինյան, մենք հեղափոխություն արեցինք, որ ժողովրդին լավ նայես, սա՞ է ձեր լավ նայելը». Առատաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, քանի որ դեմ են համայնքի խոշորացմանը:
Նրանց փոխանցմամբ՝ յոթ գյուղ միավորելն ու կենտրոնը Արշալույս համայնքը դարձնելն անընդունելի է, քանի որ Առատաշենում մոտ 4000 բնակիչ կա, ավելին՝ Արշալույս հասնելն իրենց համար բարդ է լինելու:
«Մենք ընդհանրապես դեմ ենք որևէ գյուղի միավորմանը: 6 գյուղ մի գծի վրա է, հետո նոր՝ Արշալույսը: Ավտոմայրուղի կա, որտեղ միշտ վթարներ են լինում: Ով ավտոմեքենա ունի, ասենք, գնաց, կարճ ճանապարհով հասավ, ու գյուղապետը տեղում չեղավ: Դե, գյուղացի, բան ու գործդ թող ու նորից գնա, սպասի: Ամեն գյուղ թող ունենա իր գյուղապետը: Մի գյուղ կա՞, որ գոհ է այս ծրագրից»,- լրագրողների հետ զրույցում հարց բարձրացրեցին գյուղացիները:
Նրանց խոսքով՝ ամեն գյուղ իր խնդիրներն ունի ու գյուղապետի միջոցով փորձում են լուծել, իսկ 7 գյուղ միացնելիս, բնականաբար, մեկ գյուղապետը ոչինչ չի հասցնելու:
«Տրամաբանությունից դուրս բաներ են անում: Եթե լինում է 7 գյուղի ֆոնդ, նշանակում է՝ կենտրոնում ավելի շատ կաշխատեն գումարը ծախսել, քան մյուս շրջաններում: Կստացվի որբ երեխայի պատմությունը: Մեր գյուղերը կմնան կույրաղիքի վիճակում: Ուզո՞ւմ են գյուղերը միացնել, թող հանրաքվե անեն: Հանրապետականին դեմ էինք, փոխեցինք, է՜ սրանք ՀՀԿ-ի ծրագրով են գնում: Հարգելի՛ Կառավարություն, հարգելի Փաշինյան, մենք հեղափոխություն արեցինք, որ ժողովրդին լավ նայես, սա՞ է ձեր լավ նայելը: Բյուջե եք շատացնո՞ւմ, ԱԺ պատգամավորների թիվը կրճատեք, աշխատավարձը նվազեցրեք, ոչ թե նախարարի աշխատավարձը բարձրացրեք, մենք էլ այստեղ խառնվենք իրար»,- նշեցին նրանք: