
Փաշինյանն Ավետիք Քերոբյանին ազատել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այսօր Ավետիք Քերոբյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ 168.am-ը փորձեց Քերոբյանից պարզել ազատման պատճառը, ինչին ի պատասխան նա նշեց. «Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Քերոբյանը, սակայն, չմանրամասնեց, թե խոսքը կոնկրետ ի՞նչ աշխատանքի մասին է՝ մասնավո՞ր, թե՞ պետական համակարգում է պատրաստվում աշխատել:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վարչապետը որոշում էր կայացրել Ավետիք Քերոբյանի նկատմամբ՝ որպես Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի, կարգապահական տույժ կիրառել:
«Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,– ասվում էր վարչապետի որոշման մեջ:
Եվ երբ 168.am-ը փորձել էր պարզել, թե կոնկրետ ի՞նչ հարցում է եղել թերացումը, Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը պատասխանել էր. «Աշխատանքային, ավելացնելու կամ պակասեցնելու բան չունեմ»: