Ավարտվեց ԱԺ խորհրդի նիստը՝ արտահերթ նիստը կայանալու է. Վահագն Հովակիմյանի ներկայացրած փաթեթն այլևս օրակարգում չէ
Ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի նիստը՝ կրկին արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Հիշեցնենք, որ այսօր հրավիրված արտահերթ նիստը չկայացավ և, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ օրակարգում ընդգրկված նախագծերը հեղինակները հետ են կանչել տեխնիկական պատճառով:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ժամանակ նախագծերն ըստ էության ներկայացվել են նոր կազմով:
«Օրակարգում մեկ հարց է և այն Սահմանադրական փոփոխությունների մասին հարցն է, այնտեղ մեկ հոդված փոփոխելու հարցն է: Իսկ Վահագն Հովակիմյանի ներկայացրած փաթեթն այլևս օրակարգում չէ: Օրակարգում ընդգրկված հարցը կքննարկվի մեկ ընթերցմամբ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ ներկայացրել են նախագիծ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որի համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: