Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահույթամբ, մերժեց Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը: Սա նշանակում է, որ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանավորված:

Հիշեցնենք, որ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում քննվել էր փետրվարի 4-ին: Նիստից հետո Խաչատրյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։

«Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել»,- ասել էր Երեմ Սարգսյանը։

Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարել էին, որ Գ. Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։

Տեսանյութեր

Լրահոս