Մահացել է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը
Մահացել է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը: Այդ մասին հայտնել է People հանդեսը վկայակոչելով դերասանի որդուն՝ Մայքլ Դուգլասին։
Քիրկ Դուգլասը մահացել է փետրվարի 5-ին կյանքի 104-րդ տարում: «Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ էր, կինոյի «ոսկե դարաշրջանի» դերասան, որն ապրեց մինչեւ ոսկյա տարիք, հումանիիստ, որի հավատարմությունն արդարությանն ու այն սկզբունքներին, որոնց նա հավատում էր, չափորոշիչ են բոլորի համար»,- ասել է Մայքլ Դուգլասը:
Քիրկ Դուգլասը Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» աստղային դերասան է: Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Սպարտակ», «Փառքի արահետները», «Չեմպիոնը», «Չարերն ու գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ժապավենները: Դերասանը երեք անգամ անվանակարգվել է ամերիկյան գլխավոր կինոմրցանակին, արդյունքում՝ 1996 թվականին նրանց պատվավոր «Օսկար» հանձնեցին կինեմատոգրաֆում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Բացի այդ Դուգլասը գրել է տասը վեպ եւ հուշեր: Նա դասական հոլիվուդյան կինոյի էկրանի մեծագույն տղամարդ- լեգենդների թվում 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում ԱՄՆ-ի կինոարվեստների ինստիտուտի ցուցակում: