Այս Սահմանադրական մղձավանջի հեղինակը ՍԴ ներսում չաշխատող «անդամ-դատավորն» է. նա Փաշինյանին արջի ծառայություն է մատուցում՝ շատ վատ հեռանկարով. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է ՍԴ շուջ ստեղծված իրավիճակին: Նա մասնավորապես նշում է, որ ստեղծված իրավիճակի հեռանկարներից մեկը հնարավոր հանրաքվեն է, ինչը ենթադրում է ՍԴ դատավորներին, ինչպես ինքն է բնորոշում, ազգովի գործից հանելու կամ չհանելու հարց: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«ԱԺ, թե՞ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ:
Իրականում թող ինձ ների ՍԴ նախագծի հեղինակ` նախկին լրագրող պատգամավորը & CO, ում «իրավաստեղծ մտքի թռիչքի և հնարավորությունների» վրա կասկած անգամ չունեմ, բայց կարծում եմ, որ այս Սահմանադրական մղձավանջի հետևում կանգնած ողջ տնային աշխատանքի հեղինակը ՍԴ ներսում չաշխատող «անդամ-դատավորն» է: Նա ամեն դեպքում կորցնելու բան չունի, որովհետև ամեն դեպքում «անդամ-դատավոր» է մնալու:
Բայց այ նրանք և հատկապես նա` ով ունի կորցնելու բան, անտեսելով գործընթացի իրավաչափությունը 168–169 կմ ժամ (արագությունը պատահական չէ) արագությամբ սլացող մեքենայով (թող ինձ ներեն իմ երաժշտական կուռքերը այդ անունը արտաբերելու համար) Հրագի հայտնի երգը մինչև 300 և 300.1 volume ( սա ևս պատահական չէ) բարձրացրած և բառերը անգիտակից գոռալով հպարտ նետում են իրենց ձորը:
Նստած մտածում եմ ու ուզում եմ հասկանամ, թե ինչ՞ «մտքի գիգանտներ» են նրանք, ովքեր Փաշինյանին համոզել են, որ ՍԴ շուրջ փազլը կարելի է այսպես լուծել ու արդյոք՞ ինքը հասկանում է, թե՞ ՍԴ չաշխատող «անդամ-դատավորը» ի՜նչ «գիգանտ արջի» ծառայություն է մատուցում իրեն. շատ վատ հեռանկարով: Իսկ հեռանկարներից մեկը հնարավոր հանրաքվեն է, ինչը ենթադրում է ՍԴ դատավորներին ազգովի գործից հանելու կամ չհանելու հարց: Դա իր հերթին վերածվելու է Փաշինյանի վստահության հանրաքվեի»: