Չկայացած ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծերը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում չեն քննարկվել
Ազգային ժողովն այսօր փետրվարի 6-ին գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագծերը։ Բոլոր երեք նախագծերն այսօր պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում։
Նշենք, որ այսօրվա արտահերթի օրակարգում էր ընդգրկված նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը՝ 37 պատգամավորների հեղինակմամբ։
Թեև ԱԺ արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ, սակայն հետաքրքիր է՝ արդյոք այս նախագծերը քննարկվե՞լ են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Նշենք, որ Ազգային ժողովի լիագումար նիստերում քննարկվող օրինագծերը նախապես քննարկվում են ԱԺ համապատասխան հանձնաժողովներում և դրանց վերաբերյալ տրվում է եզրակացություն՝ դրական կամ բացասական:
168.am-ը փորձեց ճշտել՝ արդյո՞ք այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրված նախագծերն անցե՞լ էին այդ ճանապարհով, թե՞ ոչ։
Մեզ հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանն ասաց, որ նախագծերն ուսումնասիրելու և քննարկելու համար պետաիրավական հանձնաժողովում նիստ չի գումարվել։
«Ո՛չ նիստ է գումարվել, ո՛չ էլ առկա է այդ նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացություն։ Ինչ ասեմ՝ արտահերթ ռեժիմով բերել, հասցրել են օրակարգ»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ իսկ արդյո՞ք առանց Պետաիրավական հանձնաժողովի եզրակացության հնրավո՞ր է այդ նախագծերն ընդգրկել ԱԺ արտահերթ նիստի օրակարգ, Տարոն Սիմոնյանը պատասխանեց.
«Լավ է, որ քննարկվում են հանձնաժողովում, բայց օրենքով չի արգելում այս տարբերակը»։