Ինչպես և ինչու է Միհրան Պողոսյանը խուսափել քրեական պատասխանատվությունից. մանրամասնում է Արթուր Վանեցյանը
Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներին աջակցել է, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի դեպքը՝ ասելով.
– Իմ հրաժարականից հետո եղան կարծիքներ, և դրանք համատարած կարծիքներ էին, որոնք տարածվում էին պետական քարոզչամեքենայի կողմից, որ Արթուր Վանեցյանը հովանավորել է նախկին իշխանություններին, չի թողել նրանց նկատմամբ հարուցվեն քրեական գործեր, նպաստել է նրան, որ հեռանան, և այլն: Ես իմ հրաժարականից հետո կարող էի հայտարարել, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, իսկ դա ինձ ոչ մեկը չէր արգելել հայտարարել, անմիջապես հետո, բայց ես թողեցի, որ անցնի 5-5.5 ամիս: Հարց է առաջանում՝ ինչի՞: Եկեք հիմա փաստերով խոսենք:
Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես կոչված, թալանչիներից ենթարկվել քրեական պատասխանատվության, և քանի՞ լումա գումար է վերադարձվել, այսպես կոչված, թալանված, կոռուպցիոն փողերից: Եթե այստեղ նստած մարդիկ մեկ դեպք ինձ կհիշեցնեն, ես ներողություն կխնդրեմ: Ինչ վերաբերում է, որ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ես տեղեկատվություն եմ փոխանցել, որպեսզի կարողանան երկրից գնան: Հիմա բերում եմ մեկ օրինակ: Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը: Հայտնի օֆշորի գործը: Քրեական գործի վերաբացելու եղանակը մեկն է:
Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրեական գործը վերաբացել և քննություն իրականացնել: Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ քրեական գործը: Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա, որը, համոզված եմ, վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչո՞ւ իրենք չհամաձայնեցին, որ այդ գործը վերաբացվի, այն վերադարձվել է մեզ:
– Ովքե՞ր:
– Գլխավոր դատախազությունը: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչի՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչի՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու համար: Դրա մասին գիտի նաև վարչապետը: Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ: Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու: Ես նորից կրկնում եմ՝ ես հեղափոխությունից հետո արել եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնենք ժողովրդին տված խոստումները, որպեսզի, այսպես կոչված, թալանված փողերը վերադարձնենք պետական բյուջե: Արվել են, և օրինական ճանապարհով ինչ հնարավոր էր անել, կարծում եմ՝ ես արել եմ: Այո, կան այսօր էլի դեպքեր, որոնք էլի հնարավոր է անել, և ես կարծում եմ՝ իմ նախկին գործընկերներն այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն: