«Վերջին անգամ Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ». Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ռուսական հատուկ ծառայությունների, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի, Սերժ Սարգսյանի հետ կապերի վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ ասելով.
«Սերժ Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք իր հետ չեմ հանդիպել: Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Երկուսին էլ գիտեմ՝ որպես մեր երկրի Երկրորդ և Երրորդ նախագահներ: Միքայել Մինասյանին ճանաչում եմ շատ վաղուց, որովհետև բոլոր նրանք, ովքեր ծնվել են Երևան քաղաքում, դպրոց են գնացել, շփվել են իրար հետ, կողքի դպրոց են գնացել, խաղացել են, կռվել են, բարիշել են… Եվ այլն… Այո, Միքայել Մինասյանին ճանաչում եմ: Միքայել Մինասյանի հետ ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ:
– Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել, որտե՞ղ, ի՞նչ թեմայով:
– Այդ հարցին եկեք պատասխանեմ այսպես: Վերջին անգամ Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ:
– Իսկ ի՞նչ հանձնարարությամբ:
– Բովանդակության մասին գիտեն 3 հոգի, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ես և ևս 2 հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն (Ա.Վանեցյանը, Ն. Փաշինյանը և Մ. Մինասյանը,- «168 Ժամ»): Մնացած հարցերով, խնդրում եմ, դիմեք իրենց»: