«Հանրապետության նախագահը կունենա հնարավորություն իրականացնելու իր հիմնական գործառույթը». Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պահանջված պարզաբանում Ազգային ժողովի իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ!
Վաղը հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու են.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը՝ 1-ին և 2-րդ ընթերցմամբ։ Նախագծերի ընդունման համար անհրաժեշտ է 80 կողմ ձայն։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ միայն առաջին ընթերցմամբ, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։
Այսպիսով, այս արտահերթ նիստի ընթացքում Սահմանադրության փոփոխության նախագիծը 2-րդ ընթերցմամբ չի քվեարկվելու, և Սահմանադրական դատարանի գործունեությունն ապօրինաբար չի դադարեցվելու։
Փոխարենը՝ իշխող խմբակցությունը 1-ին հարցն ընդունելուց հետո, այդ նախագծերն ուղարկելու է Հանրապետության նախագահի ստորագրմանը, և միայն վերջինիս ստորագրելուց հետո Սահմանադրական փոփոխության նախագիծը կընդգրկվի օրակարգ և քվեարկի 2-րդ ընթերցմամբ։
Ամփոփելով.
1. Վաղվա արտահերթ նիստի արդյունքում Սահմանադրական դատարանի գործունեությունը չի դադարեցվելու, այլ կյանքի է կոչվելու դրան ուղղված 1-ին քայլը՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու պարտադիր պահանջի շրջանցումը։
2. Միջազգային կառույցներն բավարար ժամանակ կունենան արձագանքելու իրականացվող հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին։
3. Հանրապետության նախագահը կունենա հնարավորություն իրականացնելու իր հիմնական գործառույթը՝ կանխելու նշված հակաիրավական և հակասահմանադրական գործընթացը՝ դիմելով ՍԴ այս ակնհայտ հակասահմանադրական նախագծերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով։
4. Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական գործառույթի կատարումից զերծ մնալու պարագայում՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կունենան ՍԴ դիմելու հնարավորություն»: