Իտալիայում բացվում է «Սան Ռեմո» հոբելյանական 70-րդ երաժշտական փառատոնը
Իտալիայի լիգուրիական ափի Սան Ռեմո առողջարանային քաղաքում բացվել է իտալական Էստրադայի համանուն 70-րդ հոբելյանական փառատոնը։ Հեռուստատեսային երաժշտական մրցույթը կտեւի մինչեւ փետրվարի 8-ը: Յուրաքանչյուր փառատոնային երեկոն հեռարձակվելու է Ria իտալական պետական հեռուստատեսության եթերով եւ նրա մուլտիմեդիական պորտալով: Փառատոնի մասնակիցները բաժանված են երկու խմբի. «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի համար մրցելու են Ապենիններում հայտնի 24 կատարողներ, իսկ առանձին պարգեւի համար կպայքարեն ութ երիտասարդ արտիստներ: Դրանով ներկայիս փառատոնը տարբերվում է նախորդներից, երբ կազմակերպիչները միասնական մրցույթ էին անցկացնում՝ առանց առանձին «երիտասարդական» մրցության:
Ներկայիս «Սան-Ռեմո»-ի գեղարվեստական տնօրենը եւ հաղորդավարը դարձել է հեռուստավիկտորինաների եւ տաղանդների շոուների հաղորդավար Ամեդեո Սեբաստիանին, որը հայտնի է որպես Ամադեուս: Փառատոնի բացման երեկոյի գլխավոր իրադարձություններից մեկը խոստանում է դառնալ Ռոմինա Փաուերի եւ Ալ Բանոյի ելույթը: Աստղային դուետի մասնակիցները, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են դարձել իրենց «Ֆելիչիտա» շլյագերով, ամուսնացել են 1970 թվականի հուլիսին եւ միասին ապրել գրեթե 30 տարի: Չնայած ամուսնալուծությանը եւ կարիերան ավարտելու խոստմանը, նրանք շարունակում են համատեղ համերգներ տալ:
Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, փառատոնի հաղթողն Իտալիան կներկայացնի «Եվրատեսիլ» մրցույթում: Հաղթողին որոշելու են հեռուստադիտողները, լրագրողները, ինչպես նաեւ ժյուրին՝ բաղկացած տարբեր երաժշտական նախասիրություններ ունեցող 300 անձանցից: Սան-Ռեմոյի մրցույթն Իտալիայում անցկացվում է 1951 թվականից: Մրցույթի գոյության ժամանակաշրջանում դրա հաղթողներն են դարձել այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են՝ Ադրիանո Չելենտանոն, Տոտո Կուտունիոն, Էրոս Ռամազոտին եւ Անդրեա Բոչելլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: