«Մոդելները, որոնք այսօր առաջարկվում են, փաստացի տանում են դիկտատուրա ձևավորելուն». Գևորգ Գորգիսյանը՝ իշխանական պատգամավորի նախագծի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի համար հետաքրքիր է, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծն ինչպես է իշխանական մեծամասնությունը ներկայացնելու արտահերթ նիստի ժամանակ, քանի որ նախագծի հետ կապված՝ առաջացել են բազմաթիվ հարցեր:
«Այս մոտեցումն անհասկանալի է, չի կարելի նման կարևորության նախաձեռնությունները նման հրատապ ռեժիմով բերել, դրանք առնվազն պետք է ուղարկվեին Վենետիկի հանձնաժողովին՝ եզրակացություն ստանալու կամ գոնե կարծիքի համար: Չի կարելի սահմանափակել Սահմանադրական դատարանի և նախագահի լիազորությունները՝ դրանք փոխանցելով Ազգային ժողովին ու ԱԺ նախագահին, հատկապես՝ այն դեպքում, երբ խորհրդարանում ունենք միակուսակցական մեծամասնություն: Այն մոդելները, որոնք այսօր առաջարկվում են, փաստացի տանում են դիկտատուրա ձևավորելուն, և սա կարող է լինել այդ գործընթացի սկիզբը»,- նշեց Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ի՞նչ կարծիք ունի Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծի մասին:
Պատգամավորն ընդգծեց, որ այս ամենն իրենք չեն ողջունում, քանի որ այն շատ խնդրահարույց նախագիծ է. «Թող բերեն խորհրդարան, մենք կտեսնենք, թե ինչպես են հիմնավորելու այն»:
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթ է ներկայացրել:
Նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։ Առաջարկվում է նաև ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը՝ Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը, վերաշարադրել այսպես՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում