
Թուրքիայի արևելքում ձնահյուսի հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի

Ձնահյուսի հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը։
«Այս պահին առկա տվյալների համաձայն, երկրորդ ձնահյուսի հետեւանքով զոհվել է 23 մարդ»,-ասել է նա: Նշվում է, որ զոհերի թվում կա ժանդարմերիայի ութ աշխատակից, երեք հրշեջ, պահակախմբի երեք աշխատակից եւ ինը քաղաքացիական անձ:
Ձնահյուսն սկսվել է փետրվարի 4-ին Բախչեսարայի գավառում: Դրա հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս երկուսը կորել են: Նրանց որոնելու համար ուղարկվել են փրկարարներ ու ժանդարմներ, որոնք փետրվարի 5-ին հայտնվել են նոր ձնահյուսի տակ: Ավելի քան 30 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Իշխանությունները երկյուղում են, որ զոհերի թիվը կարող է աճել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: