«Նոր օրակարգ կբերվի և նոր նիստ կհրավիրվի». ԱԺ խորհրդի նիստը հետաձգվեց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ խորհրդի նիստ էր անցկացրել՝ քննարկելու համար պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորները դահլիճ մտնելուց 10 րոպե անց դուրս եկան և հայտարարեցին, որ նիստը հետաձգվել է:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրակարգում նոր կետ պետք է ավելացվի:

«Նոր օրակարգ կբերվի և նոր նիստ կհրավիրվի, դա Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջն է, որ դա արվի առանձին, այսինքն՝ հնարավոր չէ այս նիստի ընթացքում ավելացնել նոր կետ»,- ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում կկայանա՞ վաղվա հրավիրած արտահերթ նիստը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ, հավանաբար, կայանալու է:

Հարցին էլ, թե ի՞նչ կետ պետք է ավելացվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել:

Նիստը կկայանա այսօր ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս