«Ռուբեն Հայրապետյանին «պառկեցնելու» խնդիր չկար». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վատ է վերաբերվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ կապված իրեն բերման ենթարկելու հետ:
«Դա լկտի պահվածք էր, ինչը երբեք ընդունել չի կարելի, քանի որ նման պահվածքը միտված էր մեր անվտանգության համակարգին ու պետականությանը և այդ պահվածքը պետք է ստանա համապատասխան գնահատական: Նախ՝ ես չեմ տեսել, որ Ռուբեն Հայրապետյանին որևէ մեկը պառկեցրել էր ասֆալտին, ընդհակառակը՝ առաջին գործողությունների ժամանակ իր բնակարանում շատ ազատ իր թիկնապահների հետ պտտվում էր, ամեն դեպքում, կադրում չերևաց, որ իրեն որևէ մեկը պառկեցրել էր ասֆալտին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ Ռուբեն Հայրապետյանին «պառկեցնելու» խնդիր չկար, և քանի որ ամեն օր էլ մարդկանց բերման են ենթարկում, ապա Ռուբեն Հայրապետյանը «վերին արտի ցորենը» չէ, և եթե կա թեմա՝ այն պետք է իրավական գործընթացներով ստանա լուծումներ:
«Երեկվա Հայրապետյանի պահվածքը՝ ոտքեր մաքրելու, կարծում եմ՝ մենք նախկինում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Վահե Ավետյանի պարագայում, այնտեղ ոտքերը մաքրում էին ոչ թե ասֆալտին պառկելու համար, այլ պարզապես խնջույքի ժամանակ կոնֆլիկտ ունենալու համար: Հիմա մենք այդ մերժումը պետք է դարձնենք անշրջելի և օրենքի սահմաններում: Բայց ես չեմ տեսնում, որ ոստիկանությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացրել է, հակառակ դեպքում՝ նման արտահայտություններ և դրսևորում դժվար թե որևէ մեկը կարողանար ասել»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև ընդգծեց, որ ոստիկանությունն առաջին հերթին պետք է գիտակցի, որ ինքն ուժային կառույց է, և ոստիկանության և առհասարակ որևէ կառույցի հետ անօրեն արտահայտություններով խոսել չի կարելի: Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ոստիկանությունը կաշկանդված էր:
Նա վստահ է, որ ոստիկանությունն իր գործողությունների նախկին իներցիան շարունակում է այսօր, ինչն անթույլատրելի է՝ նախկին իներցիայից պետք է դուրս գա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում