![](/banners/BeFunky-design.jpg)
«Դարի գործարքը» Թրամփից ավելի շուտ կմեռնի. Ալի Խամենեի
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003739.jpg)
Իրանի հոգեւոր առաջնորդ ու ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը՝ այսպես կոչված դարի գործարքը, ավելի շուտ կմեռնի, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Համապատասխան գրառումը փետրվարի 5-ին զետեղվել է Twitter-ում նրա պաշտոնական կայքում:
«Ամերիկյան «դարի գործարքը» ավելի շուտ կմեռնի, քան Թրամփը»,-գրել է նա:
Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն է:
Վաշինգտոնն առաջարկում է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:
Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:
ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ;
Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: