«Ռուբեն Հայրապետյանի և մնացածի վրա հայ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, քանի որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս». Ալեն Սիմոնյան

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ ասել էր, որ մի գեղեցիկ օր էլ ինքն է իշխանություններին «պառկեցնելու ու ոտքերը մաքրելու իրենց վրա»:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց՝ երեկ իր գործընկերներից մեկն անդրադարձել է դրան, ուստի կարող է կրկնել միայն նրա ասածը.

«Ռուբեն Հայրապետյանի և մնացածի վրա հայ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, և դրա միակ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»:

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ թույլ չի տալիս վարչապետը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իրենք նախկինների տեսակը չեն՝ «մարդակեր չեն»:

Հարցին՝ ներկա իշխանությունները չե՞ն կարծում, որ իրենց վարկանիշն անկում է ապրում, Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ տեսակետը չի կիսում.

«ՀՀ ժողովրդին այս պահին ջղայանացնում է այն ամենը, ինչ այժմ արվում է Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության դեմ, մենք որևէ մեկին չենք ատում, մենք ուժեղ ենք ու հաղթող: Այս ամենն անում են նրա համար, որպեսզի մեզանից սարքեն այն հրեշը, որն իրենք կան: Երբ երեկ խոսվում էր տեսակի մասին, հայտնի նախկիններն ասում են, թե այդ տեսակը, դուք ձեր ախրաննիկներով զինվորական բժշկին քացով ծեծողների տեսակն եք, մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող տեսակն եք, այո՛, մեր իշխանությունն այդ տեսակը չէ, և իրենց չի հաջողվի մեզ սարքել այդ տեսակը»:

Ի պատասխան դիտարկմանը, որ իրենց իշխանության ժամանակ էլ Վայոց Ձորի մարզպետի մասնակցությամբ ծեծել են սպային և նրա առողջական վիճակին հասցրել են ծանր հետևանք, Ալեն Սիմոնյանը բավարարվեց միայն նշելով՝ այդ ամենը սուտ է:

 

Տեսանյութեր

Լրահոս