Իրանի մրցաշարում ծանրորդների հետ կապված ակնկալիքներն արդարացան. Վիգեն Խաչատրյան
Հայ ծանրորդների համար Իրանի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցությունը մրցաշարային ռիթմը զգալու և պարտադրված մասնակցություն էր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Իրանի այս մրցաշարին պետք է պարտադիր մասնակցեինք, քանի որ Օլիմպիական խաղերից առաջ պարտավոր էինք մասնակցել: Մենք պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը, բայց այս մրցաշարի հետ կապված ակնկալիքներն արդարացան, մարզիկները մնացին մրցումային ռիթմի մեջ»,-ասաց Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով` թիմի հետ Իրան մեկնած հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը չմասնակցեց մրցաշարին, քանի որ վնասվածք ուներ: «Իրանի մրցաշարին մասնակցած մարզիկներից հնարավոր է, որ Հայաստանի առաջնությանը մասնակցեն միայն Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը: Ինչ վերաբերում է Մկրտչյանի՝ նոր քաշային կարգի հարմարվելուն, ապա ասեմ, որ դեռ չի հարմարվել, նրան դրա համար մոտ մեկ տարի պետք կլինի»,-ասաց մարզիչը:
Հայաստանի ծանրամարտի ընտրանին այս օրերին մանսակցում էր Իրանի «Fajr Cup»-ին, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:
Փետրվարի 11-16-ը Երևանում կանցկացվի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը: