«Դատական համակարգը նախկին իշխանության վերջին բաստիոնն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության խորհրդի նիստը, որը տեխնիկական պատճառներով երեկ հետաձգվել էր:

Հիշեցնենք, որ խորհրդի նիստում քննարկվելու էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների  դեպքում։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նախագծի հետ կապված վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ:

«Նախագիծը վաղը արտահերթ նիստում կքննարկվի այն տեսքով, ինչ տեսքով ներկայացվել է, որևէ փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ արդյո՞ք նախագծի դեպքում հաշվի են առել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունը հաշվետու է հայ ժողովրդին, որը քվեարկել է իշխանության օգտին:

«Եթե իշխանությունն իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ մեկ այլ մարմնից խորհրդատվական կարծիք հարցնել՝ կհարցնի, մնացած բոլոր դեպքերում մենք հաշվետու ենք ժողովրդին: Մենք ժողովրդի կարծիքը հարցրել ենք, երբ քվեարկության է դրվել է ՀՀ իշխանության ծրագիրը, ժողովուրդը մեզ ձայն է տվել, որպեսզի մենք երկրում առկա խնդիրները լուծենք, և դրանք լուծվելու են, մենք դրա համար ստացել ենք մանդատ: Կրկնում եմ՝ մոտ ժամանակներս դատական համակարգում ստեղծված իրավիճակը լուծվելու է»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Նա չբացառեց, որ վաղվա արտահերթ նիստում քննարկվող նախագծում լինեն այլ զարգացումներ՝ իրավական առումով, որի նպատակը կլինի ստեղծված իրավիճակի լուծումը:

«Դատական համակարգը նախկին իշխանության վերջին բաստիոնն է, կարծում եմ՝ այս գործընթացը մենք այս տարվա մեջ ավարտին կհասցնենք»,- շեշտեց նա:

Ադրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հանդիպմանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հանդիպումը որևէ կապ չուներ իրենց խմբակցության խորհրդի նիստի հետաձգման հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս