
Հարավային Կորեան 3 մլրդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Կորեայի Հանրապետությունն ստեղծում էԷ 3 մլրդ դոլարի չափով պահուստային հիմնադրամ, ինչպես նաեւ ընդլայնում է պայքարի միջոցառումները 2019-nCOV կորոնավիրուսի դեմ: Այդ մասին փետրվարի 5-ին հայտարարել է երկրի վարչապետ Չոն Սե Գյունը՝ ելույթ ունենալով կառավարության, իշխող կուսակցության եւ նախագահի վարչակազմի անդամների խորհրդակցությունում։
Կաբինետի ղեկավարը նշել է, որ առաջիկայում կարող է ընդլայնվել Հարավային Կորեա օտարերկրացիների մուտքի արգելքը, իսկ կորոնավիրուսի առկայության ստուգում կանցնեն արտասահմանից երկիր վերադարձող բոլոր քաղաքացիները: Ներկայում այդ կանոնը վերաբերվում է միայն Չինաստանից ժամանողներին:
«Կառավարությունը հանգամանորեն պատրաստվում է վիրուսի հետագա հնարավոր տարածմանը եւ ելք է փնտրում ստեղծված իրադրությունից»,- ասել է Չոն Սե Գյունը:
Խորհրդակցությունում որոշում է ընդունվել պահուստային հիմնադրամում շուրջ 3 մլրդ դոլար առանձնացնել կարանտինային միջոցառումների ֆինանսավորման եւ վիրուսի բռնկումից տուժած ձեռնարկություններին աջակցելու նպատակով:
Փետրվարի 4-ի դրությամբ Կորեայի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման 18 դեպք է գրանցվել: Կարանտինում է գտնվում 129 մարդ, եւս 1,3 հազար հոգի կորոնավիրուսի առկայության ստուգում է անցնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: