Զգուշացեք. իշխանությունների թիրախում հեռախոսներն են

168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները մարդկանց հատուկ խումբ է ձևավորել, որոնց գործառույթը պետք է լինի իրենց թիրախում գտնվող ընդդիմադիր հայացքներ ունեցող, Նիկոլ Փաշինյանի և  նրա կառավարության անդամների քայլերին դեմ արտահայտվող անձանց՝ քաղաքական-հասարակական գործիչների, տնտեսվարողների, լրագրողների, առհասարակ՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց հեռախոսները, այսպես ասած՝ որևէ ձևով թռցնելը:  Նպատակը՝ մուտք գործել հեռախոս և ձեռք բերել իրենց ցանկալի տեղեկատվությունը:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեր աղբյուրը խստիվ զգուշացրեց, որ որևէ վայրում պետք  չէ հեռախոսը թողնել սեղանին, դրսում որևէ մեկի հեռախոս չտրամադրել որևէ պատրվակով՝ լինի դա ինչ-որ տեղ զանգելու կամ այլ պատրվակով:

Պետք է խուսափել նաև այն մարդկանցից, ովքեր քայլում են անմիջապես ձեր կողքով, փորձում են հավասարվել, որովհետև, ըստ լուրերի, հիմա հեռախոսներ թռցնելու օպերացիա իրականացնելու հրահանգ է տրված:

Տեղեկացնենք նաև, որ տևական ժամանակ է՝ ռեստորաններում և սրճարաններում մարդիկ ոչ միայն խուսափում են միմյանց հետ շփվել, այլև մատուցողներին հատուկ զգուշացնում են իրենց սեղաններից հեռացնել անձեռոցիկների տուփերը և հատկապես հեռախոսները լիցքավորող սարքերը (power bank):

Ի դեպ, ինչպես հայտնի է՝ հեղափոխություն-իշխանափոխությունից անմիջապես հետո լայն տարածում ունեցան այլընտրանքային կապի միջոցները՝ Տելեգրամ, Viber, WatsApp, Signal, և այլն:

Շատերը նկատել էին, որ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ևս անցել էր Տելեգրամ կապին, իսկ, օրինակ, նրա նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պաշտոնաթողությունից անմիջապես հետո մուտք գործեց Signal:

Տեսանյութեր

Լրահոս