Սպասենք հետևանքներին
Ավտոմեքենաների ներմուծման բումն ավարտվեց։ Եկել է հետևանքները քաղելու ժամանակը։ Հետևանքները դեռ նոր են սկսվելու ու ոչ մեկ ուղղությամբ։ Այն, որ ավտոմեքենաների ներմուծումից բյուջեի եկամուտները կրճատվելու են, չարյաց փոքրագույնն է։ Հետևանքները շատ ավելի ցավոտ են լինելու, և ոչ միայն՝ կառավարության, այլև՝ ներմուծողների, ոլորտում գործունեություն իրականացնողների և բանկային համակարգի համար։
Այլևս պարզ է, որ այս տարի ավտոմեքենաների ներմուծումը կտրուկ կրճատվելու է։
Անցած տարի Հայաստան բերվեց շուրջ 190.000 տրանսպորտային միջոց. Եթե այս տարի դրանց թիվը հասնի գոնե 15-20.000-ի, էլի լավ է։ Ավտոմեքենաների շուկան այսօր Հայաստանում գերհագեցած է։ Առաջարկը շատ մեծ է, բայց պահանջարկը գրեթե մեռած է։ Հիմնական հույսը դրսի գնորդներն են, չնայած դեռ հարց է՝ նրանք կշարունակե՞ն ավտոմեքենաներ գնել Հայաստանում, թե՞ այլևս ոչ։
Հունվարի 1-ից գործում են մաքսասակագնային նոր կարգավորումները, ինչը ժամանակին բարձր սպասումներ էր ձևավորել՝ հանգեցնելով գների զգալի բարձրացման։ Բայց այնպես չէ, որ այդ գները կարող են այսուհետ ևս գայթակղել ԵԱՏՄ այլ երկրների պոտենցիալ գնորդներին։ Այնպես, ինչպես մինչև վերջերս էր։ Առավել ևս, որ նախկինում ձեռք բերված ավտոմեքենաները պատուհաս են դարձել դրսի գնորդների համար։ Ու հիմա նրանք կանգնած են լուրջ գլխացավանքի առջև։
Շուտով Հայաստանից ավտոմեքենա ձեռք բերելու հետ կապված հավելյալ սահմանափակումներ ևս լինելու են։
Այդ ամենը բերելու է նրան, որ էապես նվազելու է Հայաստանում կուտակված մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների պահանջարկը։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է գների նվազեցման։ Հատկապես որ, դրա համար կան շատ ավելի լուրջ պատճառներ։
Շուտով մարդիկ ստիպված են լինելու սպասարկել այն վարկերը, որոնք վերցրել են ավտոմեքենաները բիզնեսի մեջ ներդնելու և եկամուտներ ստանալու համար։ Խոսքը բավական մեծ գումարների մասին է։ Դրա արդյունք էր նաև սպառողական վարկերի կտրուկ ավելացումը, ինչն արձանագրվեց անցած տարի։ Այն հասցրել է տաքացնել վարկային շուկան՝ ստիպելով Կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել համակարգը հնարավոր կորուստներից պաշտպանելու համար։
Չհիմնավորված ակտիվ վարկավորման հետևանքով՝ ռիսկերը բանկային համակարգում անհամեմատ ավելացել են։ Մարդկանց եկամուտները հետ են մնում ստանձնած վարկային բեռից։ Ու այդ երևույթը գնալով խորանալու է, որովհետև եկամուտների ավելացման աղբյուրները շատ խախուտ են, եթե համարենք, որ կան։
Անցած տարի բանկերի սպառողական վարկերը, որոնց զգալի մասն ուղղվեց տրանսպորտային միջոցների ներմուծմանը, ավելացան գրեթե 500 մլն դոլարով։ Դրանք այն վարկերն են, որոնք անհամեմատ ավելի թանկ են։
Մարդիկ տուն-տեղ դրել են գրավի տակ, վարկ են վերցրել, ավտոմեքենաներ ներկրել և հիմա սպասում են, թե երբ են վաճառելու, որպեսզի և՛ եկամուտներ ստանան, և՛ վարկերը փակեն։ Երբ պարզվի, որ գնորդ չկա՝ մարդիկ կանգնելու են վարկերը մարել չկարողանալու և ունեցվածքը կորցնելու ռիսկի առջև։
Սա լուրջ գլխացավանք կարող է դառնալ բանկային համակարգի, ինչո՞ւ չէ, նաև կառավարության համար։ Մի քանի տասնյակ հազար մարդ, որոնք զբաղված էին ավտոմեքենաների առևտրում՝ հայտնվելու են կոտրած տաշտակի առջև։ Նրանք զրկվելու են այս ոլորտում եկամուտներ ստանալու հնարավորությունից՝ համալրելով աշխատանք չունեցողների բանակը։
Աշխատատեղերի հարցը Հայաստանում շարունակում է խնդրահարույց լինել՝ չնայած վարչապետի այն հայտարարություններին, որ իշխանափոխությունից հետո տասնյակ-հազարավոր նոր հայտարարագրվողներ են ի հայտ եկել։ Իհարկե, ի հայտ են եկել, բայց դրանք հիմնականում նախկին աշխատողներն են։ Ու նրանց մեջ քիչ չէին նաև ավտոմեքենաների առևտրով զբաղվողները, որոնց կառավարությունը հարկադրեց մտնել հարկային դաշտ և կատարել հարկային պարտավորություններ։ Հիմա նրանց մի մասն այդ դաշտում այլևս անելիք չի ունենա։
Ավտոմեքենաների ներմուծման բումի ավարտով ավարտվեցին նաև այդ ոլորտից ստացվող ահռելի բյուջետային եկամուտները։ Մինչև հիմա տրանսպորտային միջոցների ներկրումից երբևէ նման եկամուտներ չէին ստացվել։ Ցանկացած կառավարություն կերազեր նման բան։ Առանց մեծ ջանքերի՝ գրեթե 60 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ ստացվեց։
Անցած տարի ավտոմեքենաների ներմուծումից բյուջեի մուտքերը հասան շուրջ 200 մլն դոլարի։ Այս տարի կառավարությունը կանխատեսում է, որ առնվազն 110-120 մլն դոլարով պակաս կստացվի։ Թեև սպասումներն ավելի հոռետեսական են։ Ըստ ամենայնի, չի փրկի նույնիսկ մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը, ինչը ենթադրում է, որ հիմա արդեն երրորդ երկրներից տրանսպորտային միջոցներ բերողները մի քանի անգամ շատ գումար պիտի վճարեն պետական բյուջե։
Այդպիսիք, անկասկած, շատ չեն լինելու։ Ու այդ պայմաններում անհասկանալի է, թե ինչի՞ համար էր Գյումրու հսկայական մաքսատան կառուցումը։
Եթե հիշում եք, դեռ անցած տարվա վերջին, մաքսատան հիմնավորված լինել-չլինելու վերաբերյալ կառավարության նիստում բավական բուռն բանավեճ տեղի ունեցավ Ֆինանսների նախարարի և Պետեկամուտների կոմիտեի նախագահի միջև։ Ֆինանսների նախարարը համարում էր, որ հիմնավորված կամ առնվազն պատշաճ գնահատված չէ Հայաստանի համար նման հսկայական մաքսատուն ունենալու գաղափար, ուստի արդարացված չէ դրա կառուցման նպատակով այդքան մեծ գումարի հատկացումը։ Խոսքը գրեթե 13 մլն դոլարի մասին է։
Ֆինանսների նախարարի մտահոգությունները, անշուշտ, անտեղի չեն։ Առաջիկա տարիներին դժվար է սպասել, որ Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների թիվը կարող է հասնել տարեկան 40-50 հազարի։ Նման ծավալների համար ժամանակին լիովին բավականացնում էր նաև Երևանի ավտոմաքսատունը։
Իհարկե, ֆինանսների նախարարի մտահոգությունները կառավարությունը չընդունեց, ու որոշ ձևականություններից հետո վարչապետը ստորագրեց Գյումրու մաքսատան կառուցմանը լրացուցիչ 4 մլրդ դրամ հատկացնելու ՊԵԿ նախագահի նախաձեռնության վերաբերյալ ընդունված որոշումը։
Շատ շուտով կպարզվի, թեև հիմա էլ պարզ է, որ այդպիսի հսկայական մաքսատուն կառուցելով՝ կառավարությունն անիմաստ և չհիմնավորված ծախս է արել։ Մինչդեռ այդ գումարները կարելի էր ուղղել բազմաթիվ այլ և ավելի հրատապ ծրագրերի իրականացմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



