ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին

Հունվարի 29-ին՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը զուգընթաց, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ Բաքվում հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Գյանջալիևը դեսպանին է փոխանցել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում՝ գույքային, վերականգնելու» վերաբերյալ»:

Դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշի ուշով հետևում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը:

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ հետաքրքրվելով. «Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ, երբևէ ԱՄՆ դեսպանների կողմից, այդ թվում՝ ներկայիս, եղե՞լ է առաջարկ, ցանկություն՝ հանդիպել Բաքվի, Շահումյանի, Գետաշենի հայ փախստականների հետ, լսել նրանց ցանկությունները»:

Ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են. «Ամերիկացի դիվանագետները ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ունենում Ադրբեջանից եկած հայ փախստականների հետ, իսկ փախստականներին դեսպանատունն աջակցում է Ջուլիա Թաֆթի ծրագրի միջոցով։ Դեսպան Թրեյսին Հայաստանի տարբեր վայրերում հանդիպել է տարբեր մարդկանց հետ՝ ավելի լավ պատկերացում կազմելու այս երկրի մարդկանց համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ, և հետաքրքրված է Հայաստանի մասին իր գիտելիքների հետագա խորացմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս