«Դարոն Աճեմօղլուի արտահայտած միտքն այնքան պարզ էր, որ դրանից հետո վարչապետը պետք է գլուխը կախեր». Արծվիկ Մինասյան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ էր արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:
Տնտեսագետը վստահ է, որ հակակոռուպցիոն քաղաքականության այն ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշել է Աճեմօղլուն:
Ըստ տնտեսագետի՝ Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղիով, ու այդ վտանգը դեռևս պահպանվում է:
Կապանյան իր ասուլիսի ժամանակ Աճեմօղլուի այս հայտարարությանն անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Արտահայտված կարծիքի հետ լիովին համաձայն եմ։ Եթե որևէ իշխանություն որևէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է, թե սովորել է, որ վարչապետը կամ քաղաքական իշխանության ներկայացուցիչներ անկեղծորեն ասում են մի բան, բայց անում են տրամաբանորեն հակառակ գործողություններ:
«Դարոն Աճեմօղլուի արտահայտած միտքն այնքան պարզ էր, որ դրանից հետո գործադիր իշխանությունը, իշխանության ղեկավարը պետք է գլուխը կախեր և ասեր՝ «եկեք քննենք այդ բոլոր դեպքերը (եթե անկեղծ են) և չգնանք այդ տարբերակով», այլ ոչ թե ասեր՝ «հա, համաձայն եմ» ու երկրորդ պահին կամ երկրորդ նախադասությամբ շարունակեր հարձակումը դատական իշխանության վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ Մինասյանը՝ այդպիսի օրինակները բազմաթիվ են: Օրինակ, այն, որ պետական բյուջեի պետական գնումներն իրականացվել են մեկ աղբյուրից, կամ ՀՅԴ հասցեին հնչեցրած արտահայտությունը, թե Դաշնակցության հետ համագործակցության հնարավորություններ պետք է լինեն, բայց հայաստանյան կազմակերպությունը պետք է լիկվիդացնել:
«Վարչապետը չէ՞ր, որ մի քանի օր առաջ ասում էր՝ «0 քաղաքական ազդեցություն», չուկ-չակ-չարակ-չակ էր մեջբերումներ անում, հիմա որի՞ն հավատանք. խոսքի՞ն, թե՞ գործին»,- նկատեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ քաղաքական իշխանությունն իր խոսքի ու գործի մեջ մեծ տարբերություններ է դնում, ու առաջնահերթություն պետք է ընդունել այդ պահին իր ունեցած քաղաքական շահը, ինչն էլ խոսում է անառողջ քաղաքական համակարգի մասին:
Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե իշխանության այսօրվա գործելաոճում կոռուպցիայի դեմ պայքարի՞, թե՞ ընդդիմադիրների շրջանում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում:
«Կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարություններով կամ սեփական քիմքին համապատասխան հակակոռուպցիոն մարմին ձևավորելով չի լինում: Դա նաև ամենօրյա վարքագիծ պետք է լինի»,- ի պատասխան՝ ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ժամանակը ցույց կտա, թե որքան են այն չբացահայտված կոռուպցիոն դրսևորումները, որ իրականացվում են ներկա իշխանությունների օրոք, ու կոռուպցիան մեր երկրում չի վերացել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում