ԱՄՆ-ը հանգուցային դաշնակիցն է Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության գործում. Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերության նոր ձեւերն անվտանգության ոլորտում: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ հունվարի 31-ին ելույթ ունենալով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ բանակցություներից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը եղել է, կա եւ կլինի հանգուցային դաշնակիցն Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության գործում:
Զելենսկին արտահայտվել է ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավման օգտին երկրի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «(Մենք) շնորհակալ ենք ձեր անձնական հաստատակամ դիրքորոշման համար Դոնբասում պատերազմի եւ Ղրիմի ապօրինի անեքսիայի վերաբերյալ»,- հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Փոմպեոյին:
«Այսօր ես հույս հայտնեցի, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի արեւելքում խաղաղ կարգավորման եւ Ղրիմի ապաօկուպացման գործընթացներում»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը:
Նա հավելել է, որ Թրամփի պաշտոնազրկման հետ կապված իրադրությունը չի վատացրել Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: