«Արմեն Սարգսյանը դժվար իմպիչմենթից վախենա». Թևան Պողոսյան
ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից անդրադարձ եղել է, երբ նա ավելի վաղ տարբեր կոչերով հանդես է եկել, որ կարևորն օրինապաշտությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ նշելով, որ երբ ժամանակը գա, ՀՀ նախագահն իր խոսքը դարձյալ կասի:
Իսկ թե կարո՞ղ էր արդյոք Արմեն Սարգսյանը չստորագրել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը և ուղարկել ՍԴ՝ որոշելու դրա սահմանադրականությունը, Թևան Պողոսյանը նշեց.
«Մեկնաբանության խնդիր է՝ կարո՞ղ էր, թե՞ չէր կարող: Կարող էր և՛ այսպես, և՛ այնպես: Բայց ամեն «կարող է»-ի հետևում մի սցենար կա»:
«Չենք ստորագրում և ուղարկում ենք կարծիքի: ՍԴ-ն մինչև ընդունում է, քննարկում, դիտարկում դա և հետ ուղարկում, անցնում է 6 ամիս: Այս 6 ամիսը պարզապես լռելու ենք և նստե՞նք, թե՞ պատկերացնում ենք՝ ինչ ճնշումների դաշտի խնդիրներ են: Վերջին գործողությունն էլ լինելու էր այն, որ ամեն դատավոր իր կարծիքն էր գրելու՝ դե՞մ է, թե՞ կողմ: Հիմա կողմ կամ դեմ պատասխանը դա մի արդյունք է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ստորագրում է. օրենքը 2 ամիս է, ինչ ուժի մեջ է, այն մարդիկ, որոնք կընդունեին առաջարկը, նույնն է, որ գրելու են՝ սա չի հակասում Սահմանադրությանը, որոնք չեն ընդունելու, նույն բանն է, որ գրելու են՝ հակասում է Սահմանադրությանը: Արդյունքի իմաստով նույն խնդիրն ունենք»:
Հակադարձմանը՝ Արմեն Սարգսյանը վախենո՞ւմ է իմպիչմենթից, քաղաքագետը պատասխանեց՝ դժվար նա որևէ բանից վախենա, հատկապես՝ իմպիչմենթից: