ՀՅԴ-ն Արման Բաբաջանյանից պահանջում է 2 դրամ փոխհատուցում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի դատական հայցը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ կազմվել է մի քանի հիմքերի վրա: ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք նախ հիմք են ընդունել այն, որ նման հայտարարություն անում է ԱԺ պատգամավորը, ով պարտավոր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել, ապա այն փաստը, որ ԱԺ անկախ պատգամավորը հանդիսանում է լրատվամիջոցի ղեկավար: Եվ այն, որ նման հայտարարություն Արման Բաբաջանյանը հնչեցնում է ԱԺ ամբիոնից:

«Ուզում ենք ձևավորել նախադեպ, որովհետև մինչ այս պահը մեզ հայտնի չէ որևէ դեպք, փաստ, որ կուսակցությունը նման հայցադիմում է ներկայացրել»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ Գերագույն մարմինը պատգամավորից պահանջում է հասցրած վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և 1 դրամ փոխհատուցում տալ, իսկ արված զրպարտության համար վճարել ևս 1 դրամ փոխհատուցում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ին էր ՀՅԴ-ն դատական հայց ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը և զրպարտության համար փոխհատուցում վճարելն է: Դիմումի հիմքում Արման Բաբաջանյանի 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթն էր:

Տեղեկացնենք, որ Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:

Հետո, երբ Բաբաջանյանը տեղեկացել էր իր դեմ եղած դատական հայտի մասին, գրել էր, որ եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իր դեմ դատական հայց է ներկայացնում, ապա պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ Ա. Բաբաջանյանը խոստանում է ներկայացնել նաև իր ասածներն ապացուցող փաստարկներ:

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ Արման Բաբաջանյանի վստահությունն ու առհասարակ ոչինչ իրենց չի վախեցնում, ու խոստանում՝ պատրաստվում են շատ լուրջ դատական նիստի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս