Առնվազն հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման ԵՄ-ի մեխանիզմին
Առնվազն հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման համար ԵՄ-ի մեխանիզմին` Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում այդ երկրի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների պատճառով: Այդ մասին ասված է Եվրամիության խորհրդի՝ հունվարի 31-ին հրապարակված մամուլի տեղեկագրում։
«ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան եւ Ալբանիան, ինչպես նաեւ Իսլանդիան՝ Եվրոպական տնտեսական գոտու անդամը, միացել են այդ որոշմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այժմ հիշյալ երկրները պարտավոր կլինեն իրենց քաղաքականությունը համաձայնեցնել տվյալ որոշման հետ:
Անցյալ տարվա նոյեմբերին Եվրամիության կողմից հաստատված մեխանիզմը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են ածխածնային ռեսուրսների երկրաբանահետախուզության հետ կապված հորատման աշխատանքների իրականացման համար, որոնք թույլատրված չեն Կիպրոսի կողմից իր բացառիկ տնտեսական գոտում:
Բացի այդ, պատժամիջոցների տակ կարող են հայտվնել այն ֆիզիկական անձինք ու ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի այդ գործունեությանը: Անկարայի նկատմամբ առաջին նախազգուշական պատժամիջոցները Եվրամիությունը սահմանել էր հուլիսի 15-ին՝ կրճատելով ֆինանսական աջակցությունը եւ կասեցնելով բանակցությունները օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: