«Այո՛, մենք կորցրեցինք շատ կյանքեր, բայց միևնույն ժամանակ ավելի քան 130 կյանք փրկվեց, մարդիկ բուժվել են հիվանդությունից». Չժան Ցզյուն
Չինաստանում ավելի քան 130 մարդ բուժվել է նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Հունվարի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը։
«Մենք առաջընթաց ենք արձանագրում, առաջ մենք չգիտեինք, թե դա ինչ վիրուս է, բայց այժմ մենք այն նույնականացրել ենք, մենք կարող ենք վիրուսի նախկին տիպերը տարբերել նորից: Դա սկզբունքային է,- ասել է նա:- Այո՛, մենք կորցրեցինք շատ կյանքեր, բայց միեւնույն ժամանակ ավելի քան 130 կյանք փրկվեց, մարդիկ բուժվել են հիվանդությունից»:
Չժան Ցզյունը հայտարարել է, որ Չինաստանին պահանջվում է մեծ քանակությամբ պաշտպանադիմակների եւ ակնոցների մատակարարում թոքաբորբի բռնկման պատճառով: «Մեզ դիմակներ են մատակարարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ-ի որոշ ընկերություններ, բայց պահանջարկ դեռեւս կա»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: