Միայն 2019-ին հեռուստառադիոընկերություններն ավելի շատ են տուգանվել, քան վերջին 7 տարիների ընթացքում

Միայն 2019-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական տույժ՝ տուգանք է կիրառել 6 մլն 200 հազար դրամի չափով: Սա 400 հազար դրամով ավելի է, քան 2011-2018թթ. միասին վերցրած. 7 տարվա ընթացքում տուգանվել է 10 լրատվամիջոց, ընդհանուր՝ 5 մլն 800 հազար դրամի չափով: 2019-ին ավելացել է նաև տուգանվողների թիվը. բախտակից հեռուստառադիոընկերությունները 12-ն են: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում պնդում է՝ սա ամենևին էլ ավելի կոշտ քաղաքականության հետևանք չէ.

«Շատերի մոտ հրապարակումներ եմ հանդիպում, որ մենք սկսել ենք ավելի կոշտ պատժել և որոշ չափով «մամլիչի կամ դահիճի» դեր ենք կատարում, դա, հավատացնում եմ, այդպես չէ, մենք ուղղակի սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները: Եթե առաջ որևէ հեռուստաընկերություն չի տուգանվել մինչև 12-ը սարսափ տեսարաններ ցուցադրելու համար, ապա նախորդ տարի մենք մեկին տուգանեցինք այդպիսի տեսարաններ ցուցադրելու համար»:

Ըստ ՀՌՀ նախագահի՝ տուգանքներ կիրառվել են նաև Հեղինակային իրավունքի, Գովազդի մասին օրենքի դրույթների խախտման, նախընտրական քարոզարշավի լուսաբանման կարգի խախտման, կրոնական խտրականության դրսևորման համար: Տիգրան Հակոբյանն այս կոնտեքստում հիշեց 2019-ի հունիսի տուգանքների տարափը, երբ մի շարք հեռուստաընկերություններ տուգանվել էին ծխախոտի գովազդի համար:

«Փետրվարից մենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր զգուշացրել էինք բոլորին, որ այդ տիպի խախտումը մեր կողմից անպայման ուշադրության կարժանանա, և տուգանել ենք միայն երեք ամիս հետո: Որևէ խնդիր չկա՝ տուգանել անհարկի: Իհարկե, դժգոհություններ կան, որևէ հեռուստաընկերություն այս ծանր պայմաններում տուգանվել չի ուզում,  բայց լուրջ կոնֆլիկտներ չունենք, բոլորն էլ հասկանում են, որ դա անհրաժեշտ է»:

Տիգրան Հակոբյանը պնդում է՝ ՀՌՀ-ն ապաքաղաքական մարմին է, իրենց համար էլ սիրելի են բոլոր գործընկերները, որոնք աշխատում են իրավական դաշտում: Ըստ ՀՌՀ նախագահի՝ օրենսդրական առումով դաշտն անկատար է: Նա առաջարկում է արդեն այսօր մշակվող նոր օրենքով՝ թույլ տալ հանձնաժողովին բովանդակային մոնիտորինգ անել և ապահովել անաչառ ու անկողմնակալ տեղեկատվություն: 168.am-ը հետաքրքրվեց, թե օրենսդրական այդ կարգավորման ընդունման դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն այն հեռուստառադիոընկերությունները, որոնք երկրորդ կողմ ապահովելու խնդիր են ունենում այն պատճառով, որ իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկանում խոսել տվյալ լրատվամիջոցով:

«Շատ ժամանակ ասում են՝ մենք ուզում ենք, որ հենց այս մարդը գա, պետք է ասել, որ մենք ուզում ենք՝ ձեր կողմից ներկայացուցիչ լինի, ընտրությունը, թե ո՞վ կգա ու կպաշտպանի իր տեսակետը, պետք է թողնել իրենց վրա: Հակառակ դեպքում, եթե այդ աթոռը դատարկ թողնեն, ու հնչի միայն մեկ տեսակետ, հավատացնում եմ՝ մեկ երկու նման բանից հետո, ցանկացած քաղաքական ուժ կամ իշխանական թև, ինստիտուտ, հասկանալով, որ դա շատ ուժեղ «խփում» է իրենց հեղինակությանը, կապահովեն իրենց ներկայությունը: Այդպիսի հնարքներ շատ են»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Մերժումներ ստանալու դեպքում Տիգրան Հակոբյանը կոչ է անում դիմել ՀՌՀ գրավոր բողոքներով ու փաստերով, օրինակ՝ գրավոր հրավիրել հակառակ կողմի ներկայացուցչին և հրավերը մերժվելու դեպքում դա ներկայացնել հանձնաժողովին, կամ պարզապես նամակ գրել, որ մի քանի անգամ հրավիրել են, չեն եկել: Տիգրան Հակոբյանը վստահեցնում է, այս դեպքում խնդիրը կհանրայնացվի, և կփորձեն զրուցել տվյալ գործիչների հետ ու հասկանալ չներկայանալու պատճառը:

«Եթե ինչ-որ ալիքով ասում են՝ Տիգրան Հակոբյանը «շան պես հաչում է», ես երևի իրավունք ունեմ, չէ՞, այդ հեռուստաընկերություն չգնալ: Հաճախ մենք սա մանիպուլյատիվ դաշտ ենք տեղափոխում: Հեռուտաընկերությունը պետք է վաստակի այդ վստահությունը, որ հաճելի լինի գնալ, խոսել, որովհետև դու գիտես, որ չեն աղավաղի, հաղորդավարը կողմնակալ ու չար չի լինի, այն պարագայում, երբ հակառակ կողմի հետ մեղմ է ու սիրահոժար»:

Լրագրողները Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեցին նաև վերջին շրջանում լայնորեն քննարկվող «ատելության խոսքի» վերահսկման մեխանիզմների մասին, ինչին ի պատասխան՝ ՀՌՀ նախագահը պարզաբանեց, որ Հայաստանում անգամ դեռ սահմանված չէ, թե ի՞նչ է «ատելության խոսքը», հետևաբար՝ այն վերահսկելը բարդ խնդիր է:

Տեսանյութեր

Լրահոս