«Սա քաղաքական ապտակ է ղազախական կողմից մեր իշխանություններին». Նարեկ Մանթաշյան
Գրեթե տարեսկզբից՝ ղազախական, հետո նաև՝ հայկական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին Ղազախստան ներմուծվող, մասնավորապես՝ հայկական համարանիշերով ավտոմեքենաների հետ կապված լուրջ խնդիրների առաջացման մասին։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների՝ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել դրսից բերված ավտոմեքենաների վաճառքի համար տվող տուրքերի չափը։ Նրանց, ովքեր հրաժարվում են տուրք վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել, կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնք իրավունք չունեին Ղազախստանին մեքենա վաճառել:
Պաշտոնյաները կոչ են անում օտարերկրյա ավտոմեքենաների սեփականատերերին ժամանակ չխնայել և գրանցել մեքենաները: Ղազախստանի պետեկամուտների կոմիտեն հայտարարել է, որ զիջումներ չեն լինելու, և այս որոշումն արդեն վերջնական է:
Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի կարծիքով՝ սրանում ՀՀ օրենսդրության խախտում չկա: Այլ հարց է այն, որ պետությունը, տեսնելով Ղազախստանի քաղաքացիներին վաճառվող մեքենաների մեծ թիվը, պետք է կանխատեսեր, որ հնարավոր է՝ Ղազախստանի հետ խնդիր ունենա, ու զգուշացներ այն հայերին, որոնք մեքենաների վաճառքով են զբաղվում:
«Ստացվեց, որ թողեցին բարձիթողի, և փաստացի հիմա պրոբլեմ կա Ղազախստանի քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիների միջև, որը կարող է նաև միջպետական հարաբերություններում խնդիրներ առաջացնել, ու մեր քաղաքացիների դեմ դատական հայցեր ներկայացվեն»,- ասաց Արեն Ապիկյանը:
Օրերս Ղազախստանն անդրադարձել էր նաև Հայաստանում իրենց քաղաքացիներին տրվող բնակության կարգավիճակին: Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևն ասել էր, որ տեղեկություններ կան, թե իրենց քաղաքացիները, ՀՀ քաղաքացիների հետ միասին, օգտագործում են տարբեր հնարքներ` Հայաստանում ժամանակավոր բնակչի կարգավիճակ ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան մեքենաները վարել Ղազախստանում։
«Դա բերել է նաև լուրջ իրավական խնդրի: Ղազախստանում այսօր հայկական համարներով մեքենաներով կատարվում են տարբեր կողոպուտներ, գողություններ, խախտումներ: Փաստացի այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են, և այստեղ ղազախական կողմն առնվազն կարող է դիմել դատարան իր իսկ պետության տարածքում արած իրավախախտումների համար վարչական տույժեր ստանալու համար»,- ասաց «Այլընտրանք« ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, հավելելով, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք առանց անվանափոխության են վաճառել իրենց մեքենան, կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ, ընդհուպ՝ պատասխանատվության ենթարկվեն դատական ատյաններում:
Նարեկ Մանթաշյանի խոսքով, եթե այսօրվա իշխանությունները ունենային նորմալ գործընկերային հարաբերություններ Ղազախստանի հետ, գուցե հնարավոր լիներ գործընկերային հիմքով մեքենաների արտահանման ծրագիր կազմակերպել:
«Սա քաղաքական ապտակ է ղազախական կողմից մեր իշխանություններին»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում