
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԲԴԽ նախագահին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 27-ին ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Ողջունելով պրն. Վարդազարյանին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշել է, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, կարևորեց այդ առումով գործակցությունը: Պրն. Վարդազարյանը նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը: