«Ինքն իր պատճառաբանությունն ունի, իր մեկնաբանությունն ունի». Արման Անտոնյանը՝ Հենրիկ Հարթենյանի քայլի մասին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ գումարելու որոշում էր կայացրել՝ ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը մինչև նիստը սկսելը՝ լրագրողների հետ զրույցում ասել է, թե դատապարտում է գործընկերոջ գործողությունը:
«Ինքս և բոլորս դատապարտում ենք բռնությունը, առհասարակ բռնության կոչերը ու նմանատիպ դրսևորումները: Այս պահին որևէ հայտարարություն չեմ կարող անել, քանզի հրավիրել ենք արտահերթ նիստ»,- ասաց Արման Անտոնյանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Հենրիկ Հարթենյանը պետք է հեռանա ավագանու շարքերից: Իր սուբյեկտիվ կարծիքն արտահայտել չցանկացավ՝ հավելելով, որ այսօրվա նիստում կորոշեն ու համապատասխան հայտարարություն կտարածեն:
Ա. Անտոնյանն ասաց, որ Հենրիկ Հարթենյանն այսօր նիստի ներկա է լինելու ու իրենք էլ հարցնելու են, թե ինչու է նման քայլի գնացել:
«Ինքն իր պատճառաբանությունն ունի, իր մեկնաբանությունն ունի, շատ մեծ հույս ունեմ, որ արդարացի է լինելու»,- ասաց Արման Անտոնյանը՝ հավելելով, որ ինչ արդարացում էլ լինի, ընդունելի չի լինելու: